Կենսաթոշակային համակարգի արդյունքահեն մոնիտորինգի իրականացման տվյալների հավաքման նպատակով կենսաթոշակառուների համապետական հետազոտություն

  • Ոլորտ:Կենսաթոշակային համակարգ
  • Ծառայություններ: Հանրային հարցումներ
  • Ժամկետ: Մայիսի 27, 2015-Օգոստոսի 25, 2015
  • Նկարագրություն:

Հետազոտությունն իրականացվել է ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող և Քեմոնիքս Ինթերնեյշնըլ ընկերության կողմից իրականացվող Կենսաթոշակային Բարեփոխումների Իրականացման (ԿԲԻ) Ծրագրի շրջանակներում: Հետազոտության արդյունքների շահառուն ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի Նախարարությունն է:

2014թ.-ին ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի Նախարարության և ԿԲԻ Ծրագրի թիմի կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ, որը ուսումնասիրել և մշակել է «Աշխատանքային կենսաթոշակներ» Ծրագրի արդյունքի վրա հիմնված մոնիթորինգի և գնահատման լրամշակված մեթոդաբանություն: Այդ մեթոդաբանությամբ սահմանվել են «Աշխատանքային կենսաթոշակներ» Ծրագրի մոնիթորինգի և գնահատման համակարգի մոնիտորինգի և գնահատման ցուցանիշները (ինդիկատորները)՝ հետևյալ բովանդակային կազմով.

  1. Աշխատանքային կենսաթոշակառունրի բարեկեցությունը և եկամտի աղբյուրները,
  2. Կենսաթոշակառուների բավարարվածությունը մատուցվող ծառայություններից,
  3. Կենսաթոշակային համակարգին աջակցությունը հասարակության կողմից:

Այս ցուցանիշների (ինդիկատորների) հաշվարկման համար է իրականացվել սույն հետազոտությունը: Կիրառվել է միաժամանակ և քանակական, և որակական հետազոտությունների մեթոդը: Քանակական հետազոտության շրջանակներում հարցումներ են անցկացվել կենսաթոշակառուների այն բոլոր խմբերի հետ, որոնց սպասարկումն իրականացվում է Սոցիալական Ապահովության Պետական Ծառայության (ՍԱՊԾ) տարածքային բաժինների կողմից: Ընտրանքը կազմել է 1,000 կենսաթոշակառու՝ Երևանից և բոլոր 10 մարզերի բնակավայրերից: Քանակական հետազոտությամբ ստացված տվյալները ենթարկվել են վիճակագրական վերլուծության: Որակական հետազոտության շրջանակներում կենսաթոշակառուների առավել փոքրաթիվ խմբերի շրջանում իրականացվել են 8 ֆոկուս խմբային քննարկումներ, որոնց մասնակցել են ընդհանուր առմամբ 89 կենսաթոշակառուներ:

Առանձին հետազոտություն է իրականացվել ՍԱՊԾ բոլոր 51 տարածքային բաժինների ընդհանուր թվով 102 աշխատակիցներ շրջանում: ՍԱՊԾ տարածքային բաժինների աշխատակիցների կողմից գնահատվել են հիշյալ ծրագրի շրջանակներում ծառայություններ մատուցելու համար իրենց հասանելի ռեսուրսները՝ օրենսդրական կարգավորումների հստակություն, շահագործվող տեղեկատվական համակարգի ընձեռած հնարավորություններ և պարզություն, ընթացիկ փոփոխությունների մասին ժամանակին իրազեկում, Ծրագրի վերաբերյալ իրազեկման ռեսուրսների առկայություն:

Հետազոտության արդյունքում հաշվարկվել են «Աշխատանքային կենսաթոշակներ» Ծրագրի մոնիթորինգի և գնահատման բոլոր նախատեսված ցուցանիշները: ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի Նախարարությունը ստացել է ելակետային տվյալներ, որոնք կարող է օգտագործել սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող յուրաքանչյուր ծրագրի արդյունավետ ու օբյեկտիվ գնահատումն ապահովելու համար: Ծրագրի մոնիտորինգի և գնահատման նոր մեթոդաբանությունը հնարավորություն է տալիս գնահատել դիտարկվող ծրագրի արդյունքները, վերհանել բացթողումներն ու նպատակային արդյունքների նկատմամբ փաստացի կատարողականի տարբերությունները: