Բիզնես և ներդրումային պլանավորում

Ինչպես նորաստեղծ, այնպես էլ կայացած տնտեսվարողները Գործարար Ծրագիրն օգտագործում են իրենց նպատակները սահմանելու և դրանց հասնելու գործողություններն ուղենշելու նպատակով: Այս փաստաթուղթը հանդիսանում է որևէ կոնկրետ բիզնեսի համար ապագա ցանկալի իրավիճակի նկարագրությունը և բացահայտում է, թե տվյալ ձեռնարկությունն ինչպես է նախատեսում հասնել այդ իրավիճակին տեսանելի ժամանակահատվածում: Ի լրումն, Գործարար Ծրագիրը սահմանում է ներկայացված զարգացումներն ապահովելու համար անհրաժեշտ ռեսուրսները:

Գործարար Ծրագրերը տարբերակվում են դրանց վերջնական օգտագործողների տիպից: Նույն փաստաթուղթը կարող է տարբեր կառուցվածք ունենալ արտաքին կառույցներ (ֆինանսական հաստատություն, հիմնական գործընկերներ, հաճախորդներ, այլ շահագրգիռ կազմակերպություններ) ներկայացվելու և ներքին օգտագործման համար նախատեսված լինելու պարագաներում: Ներքին կողմնորոշում ունեցող Գործարար Ծրագիրը սովորաբար թիրախում է միջնաժամկետ խնդիրների լուծումը, ինչը երկարաժամկետ կտրվածքով նպաստում է վերջնական նպատակին հասնելուն: Նման ծրագրային նպատակների օրինակ են նոր արտադրատեսակի կամ ծառայության մշակումը և շուկայահանումը, կառավարչական համակարգի վերակազմավորումը, հզորությունների թարմացումը և այլն: Ներքին կողմնորոշում ունեցող Գործարար Ծրագիրը, սակայն, ընդհանրական է, չի պարունակում մանրամասն հիմնավորումներ և հաշվարկներ, առավել հաճախ սահմանվում է որպես Ռազմավարական Զարգացման Ծրագիր:

Գործարար Ծրագրի պատրաստումն ակնկալում է տարբեր հարցերի և ոլորտների վերաբերյալ ընդարձակ գիտելիքների առկայություն, ներառյալ մարդկային ռեսուրսների կառավարումը, ներդրանքների բազայի ապահովումը, գործընկերների հետ համագործակցությունը, արտադրական և ծառայությունների մատուցման գործողությունները, գործարար կառավարումը, շուկայավարումը և այլն:

ԱՄ Փարթնըրզն առաջարկում է Գործարար Ծրագրի հետևյալ բովանդակային կառուցվածքը.

  1. Կազմակերպության ընդհանուր նկարագիրը, ներառյալ՝ ա) գործունեության ընդհանուր նկարագիրը (ոլորտ, արտադրանք կամ ծառայություններ, և այլն), բ) առկա ակտիվներ (հող, շենքեր և շինություններ, մեքենա-սարքավորումներ, այլ ակտիվներ, արտադրական հզորություններ և այլն), գ) առկա մարդկային ռեսուրսներ, դ) կոնտակտային տվյալներ, և այլն:
  2. Ծրագրի (գաղափարի) նկարագրությունը, ներառյալ՝ ա) խնդրի սահմանումը. ինչպիսի խնդիրների լուծմանն է միտված Ծրագրի իրականացումը, բ) SMART ինդիկատորներով սահմանվող ծրագրային նպատակները, գ) ծրագրի իրականացման կոնկրետ արդյունքները (արտադրության և վաճառքի ծավալներ, շահույթներ, արտահանում, նոր շուկաներ, աշխատատեղեր և այլն), դ) ծրագրի կապը կազմակերպության ներկա վիճակի հետ, ե) իրականացման մանրամասն գործողությունների ծրագիր՝ ինչ, երբ և ինչպես պետք է իրականացվի:
  3. Ծրագրի իրականացման առկա միջոցներն ու ռեսուրսները, ներառյալ՝ ա) ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսներն ու միջոցները, բ) ռեսուրսների և միջոցների ներքին և արտաքին աղբյուրները:
  4. Շուկայավարում և վաճառք, ներառյալ՝ ա) առկա և նախատեսվող արտադրանքի շուկաները, բ) ներկա և հնարավոր մրցակիցները առկա և նախատեսվող շուկաներում, գ) վերջնական սպառողները (իրացման պայմանագրեր), դ) արտադրանքի փաթեթավորում, պիտակավորում և բրենդինգ, ե) արտադրանքի առաջմղում, զ) իրացման ծավալներ և ուղղություններ (մանրածախ և մեծածախ, վերջնական սպառողներ և միջանկյալ գնորդներ, իրացման վայրեր և այլն):
  5. Ծրագրի շահառուները, ներառյալ՝ ա) ուղղակի և անուղղակի շահառուներ, բ) ծրագրի ազդեցությունը խոցելի խմբերի վրա
  6. Ծրագրի ռիսկերը, ներառյալ՝ ա) արտաքին միջավայրի մարտահրավերներ, բ) ռիսկերի կանխման և հաղթահարման միջոցառումներ, գ) բնապահպանական ռիսկեր, կանխման և հաղթահարման միջոցառումներ, դ) սոցիալական ռիսկեր, կանխման և հաղթահարման միջոցառումներ:
  7. Ներդրումային Ծրագիր, ներառյալ՝ ա) ծրագրային ներդրումների ընդհանուր գումարը, համաֆինանսավորումը, բ) ներդրումների աղբյուրները, գ) ներդրումների օգտագործման ուղղությունները, դ) ներդրումների իրականացման ժամանակացույցը:
  8. Ֆինանսական Ծրագիր, ներառյալ՝ ա) եկամոտների և ծախսերի կանխատեսումներ, բ) դրամական հոսքերի կանխատեսումներ, գ) հաշվեկշռի կանխատեսումներ, դ) զգայունության վերլուծություն, ե) ծախսածածկման վերլուծություն:

Որևէ կազմակերպության Գործարար Ծրագիրը պատրաստելու պատասխանատվությունը ստանձնելիս ԱՄ Փարթնըրզը ակնկալում է տվյալ տնտեսվարողի գործունեության վերաբերյալ ցանկացած տեղեկատվության ամբողջական հասանելիություն, ներառյալ ֆինանսական, տեխնիկական և տեխնոլոգիական, շուկայավարման, կառավարչական և այլն: Ողջ տեղեկատվությունը, թերևս բացառությամբ շուկայականի, հավաքագրվում է տվյալ կազմակերպության ներքին աղբյուրներից՝ հիմնականում համապատասխան մասնագետների հարցման և երկրորդային առկա տեղեկատվության տեսական վերլուծության արդյունքում: Իր հերթին ԱՄ Փարթնըրզը երաշխավորում է իրեն հայտնի դարձած տվյալների ու տեղեկատվության (այդ թվում՝ առևտրային գաղտնիք պարունակող) գաղտնիության ապահովումը, որի համար ստորագրում է համապատասխան պարտավորագիր: