Սոցիալական ծառայությունների տրամադրման արդյունավետության ելակետային հետազոտություն եւ այդ ծառայությունների ազդեցությունը սոցիալապես խոցելի ընտանիքների սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա

  • Ոլորտ:Սոցիալական ծառայություններ
  • Ծառայություններ: Հանրային հարցումներ
  • Ժամկետ: Սեպտեմբերի 17, 2013-Հունվարի 31, 2014
  • Նկարագրություն:

2010թ.-ից սկսած, Հայաստանում սոցիալական ապահովության համակարգի բարեփոխման և նորացման նպատակով մի շարք միջազգային կազմակերպություններ (ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամ,  Համաշխարհային Բանկ, ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալություն) տեխնիկական աջակցություն են ցուցաբերում ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի և ՀՀ Տարածքային կառավարման նախարարություններին: Այդ աջակցությունն ուղղված է սոցիալական ապահովության համակարգի բարեփոխումների իրականացմանը, մասնավորապես՝ Ինտեգրված Սոցիալական Ծառայությունների (այսուհետ՝ ԻՍԾ) Համակարգի մշակմանը և ներդրմանը:

Հայաստանի ԻՍԾ բարեփոխումների շրջանակներում ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամը, համագործակցելով ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, մասնակցում է բարեփոխումների իրականացմանը Հայաստանի 5 մարզերում: ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի աջակցությունն ապահովվում է Եվրոպական Միության “Mitigating Social Consequences of Labour Migration and Maximizing Migrants’ Involvement in Local Development” Ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) միջոցով: Ծրագիրը նախատեսում է անդրադառնալ աշխատանքային միգրանտների և թիրախային մարզերում նրանց համայնքների սոցիալական խոցելիության հարցերին՝ համապատասխան սոցիալական ծառայությունների մատուցման և միգրանտների (ֆինանսական և ինտելեկտուալ) ռեսուրսների՝ իրենց համայնքների զարգացման համար լավագույնս օգտագործելու միջոցով:

Սույն ելակետային հետազոտության նպատակն է գնահատել բնակչության խոցելի խմբերի (ներառյալ միգրանտ ընտանիքների) կողմից սոցիալական ծառայությունների հասանելիության, օգտագործման և դրանցից բավարարվածության հարցերը, ինչպես նաև օգտագործվող սոցիալական ծառայությունների ազդեցությունը նշված սոցիալական խմբերի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա: Մասնավորապես, սույն հետազոտությունը ելակետային սոցիոլոգիական-վճակագրական տվյալներ է ներկայացնում հետևյալ կոնկրետ հարցերի վերաբերյալ.

  • սոցիալապես խոցելի ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակը,
  • աշխատանքային միգրացիան սոցիալապես խոցելի ընտանիքներում,
  • սոցիալական ծառայությունների մասին սոցիալապես խոցելի ընտանիքների տեղեկացվածությունը,
  • սոցիալական ծառայությունների օգտագործումը սոցիալապես խոցելի ընտանիքների կողմից,
  • սոցիալական ծառայություններից սոցիալապես խոցելի ընտանիքների բավարարվածությունը,
  • ԻՍԾ-ի մասին սոցիալապես խոցելի ընտանիքների տեղեկացվածությունը և նրանց սպասումները:

Ելակետային հետազոտությունն իրականացվել է Հայաստանի 5 մարզերի սոցիալապես խոցելի ընտանիքների շրջանում: Դրանք այն 5 մարզերն են, որտեղ ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամն իրականացնում է ԵՄ վերոհիշյալ ծրագիրը՝ Շիրակ, Լոռի, Տավուշ, Գեղարքունիք և Սյունիք: Հետազոտության իրականացման նպատակով Խորհրդատուն օգտագործել է քանակական և որակական հետազոտական մեթոդներ: Քանակական հետազոտության ընտրանքի չափը կազմել է 1,046 սոցիալապես խոցելի ընտանիք: Որակական հետազոտության շրջանակներում իրականացվել է 30 խորին հարցազրույցներ՝ նույն թիրախային խմբի շրջանում:

Հետազոտության արդյունքները վկայում են այն մասին, որ սոցիալական ապահովության համակարգի բարեփոխումներն ընթանում են համակարգի շահառուների դրական տրամադրվածության կամ անտեղյակության կամ անտարբերության ֆոնի ներքո: Սոցիալապես խոցելի ընտանիքների մեծ մասի շրջանում սոցիալական ծառայությունների կենտրոնացման և ենթակառուցվածքների բարելավման գործողությունները ողջունվում են և առաջացնում են դրական սպասումներ: Սակայն բուն սոցիալական ծառայությունների և համակարգի բարեփոխումների օբյեկտիվ արժևորմանը խանգարում է սոցիալական աջակցության ծավալների փոքր չափերը: Խոսքը գնում է հատկապես ֆինանսական բաղադրիչ ունեցող սոցիալական աջակցության տեսակների մասին՝ կենսաթոշակներ, նպաստներ, դրամական օգնություններ:

Հավաքված տվյալները ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամն օգտագործում է Ծրագրի իրականացման նպատակով: Դրանց միջոցով պետք է գնահատվի Ծրագրի գործողությունների ազդեցությունը բնակչության խոցելի խմբերի (այդ թվում՝ միգրանտ ընտանիքների) խոցելիության նվազեցման վրա: