Հանրային հարցումներ

Հանրային հարցումը սոցիոլոգիական հետազոտությունների անցկացման մեթոդ է, որի ընթացքում նախապես մշակված հարցերի տրման և ստացված պատասխանների վիճակագրական վերլուծության միջոցով տեղեկություններ են հավաքվում կոնկրետ երևույթների մասին: Հարցման արդյունքում հավաքված տեղեկությունները կարող են օգտագործվել կոնկրետ հարցերի կամ թեմաների մասին ինչպես քանակական (վիճակագրական), այնպես էլ որակական վերլուծությունների անցկացման նպատակով:

Քանակական հետազոտության անցկացման քայլերն են՝ տեղեկությունների հավաքագրումը, ճշգրտումը, վերլուծությունը և արդյունքների ամփոփումը համապատասխան հաշվետվության մեջ: Այս նպատակով կիրառվում են հարցումների և հավաքագրված տվյալների վիճակագրական վերլուծության գործիքներ: Հանրային հարցումների անցկացման համար ԱՄ Փարթնըրզ ընկերությունն առաջարկում է հետևյալ գործողությունների իրականացումը.

  1. Հետազոտության նպատակի վերջնական սահմանում: Հետազոտության վերջնական նպատակը սահմանում է, թե ովքեր պետք է մասնակցեն տվյալ հարցմանը և ինչ հարցեր պետք է տրվեն նրանց: Վերջնական նպատակի ոչ հստակ և ոչ միանշանակ սահմանումը կարող է հանգեցնել ապակողմնորոշիչ արդյունքների: Հանրային հարցման վերջնական նպատակի կամ թիրախի տիպային օրինակ են՝ ա) նոր արտադրատեսակի կամ ծառայության ներուժային շուկայի մեծությունը, բ) առկա արտադրատեսակի կամ ծառայության դիրքը շուկայում, գ) բնակչության որևէ հատվածի վերաբերմունքը որևէ երևույթի նկատմամբ,  դ) հաճախորդների բավարարվածության աստիճանը և այլն:
  2. Հետազոտության ընտրանքի գլխավոր համախմբության ընտրություն: Ընտրվում է հետազոտության կողմից թիրախվող համախմբությունը, որի մեջ մտնող անձանցից ընտրվում են հարցման մասնակիցները: Հարցման անցկացման առումով գլխավոր համախմբությունը կարող է տրոհվել առանձին խմբերի՝ ըստ կոնկրետ բնութագրիչների (տարիք և սեռ, կոնկրետ գործունեության մեջ ներգրավվածություն, կոնկրետ երևույթների վրա ունեցած ազդեցություն, կոնկրետ գործառույթների իրականացում և այլն):
  3. Հետազոտության (հարցման) ընտրանքի հաշվարկում և ձևավորում: Գլխավոր համախմբության ներկայացուցիչների քանակով քիչ, բայց ներկայացուցչական ընտրանքը կարող է իրապես ներկայացնել ողջ ընտրանքը: Այնուամենայնիվ, որքան մեծ է ընտրանքի չափը, այնքան ավելի հավաստի են ստացված տվյալները: ԱՄ Փարթնըրզը ընտրանքի ձևավորման նպատակով սովորաբար կիրառում է առնվազն Վստահության Մակարդակի 95%  և Վստահության Միջակայքի 5% սահմանափակումներ:
  4. Հարցազրույցների իրականացման մեթոդի առաջարկում: Հարցարույցը կարող է լինել անհատական (երբ հարցազրուցավարը դեմառդեմ հարցերի է տալիս հարցվողին և արձանագրում պատասխանները), հեռախոսային, (էլեկտրոնային) փոստով իրականացվող և այլն:
  5. Հարցաթերթի մշակում: Քանակական հետազոտություններ անցկացնելու նպատակով սովորաբար կիրառվում են ստանդարտ հարցաթերթեր՝ բաղկացած հիմնականում փակ հարցերից և նախապես սահմանված պատասխաններից:
  6. Հարցաթերթի փորձարկում և վերջնականացում: Հարցազրուցավարներին ներկայացվելուց հետո հարցաթերթը ենթարկվում է դաշտային ինտենսիվ փորձարկման, որի նպատակը թերությունների և բացթողումների հայտնաբերումն է: Նման թերությունների օրինակ կարող են լինել անպարզ և ոչ միանշանակ մեկնաբանվող հարցերի առկայությունը, հարցերի սխալ հաջորդականությունը և անցումների սխալ տրամաբանությունը, սխալ կամ ոչ ռելևանտ պատասխանների տարբերակների առկայությունը, «մերժվող» հարցերի առկայությունը և այլն:
  7. Հարցազրույցների անցկացում: Հարցվողների ընտրությունը և հարցազրույցի անցկացումը սովորաբար կարգավորվում է նախապես մշակված  և սահմանված կանոններով և ուղեցույցներով: Դաշտային հարցումներ իրականացնելիս, հավաքագրվող տվյալների մուտքագրման, կուտակման, պահպանման և նախնական մշակման նպատակով ԱՄ Փարթնըրզն օգտագործում է էլեկտրոնային պլանշետներ և համացանցային հենքով աշխատող SurveyMonkey ծրագրային ապահովումը: Հետագայում այս ծրագրային ապահովումից հնարավոր է տվյալներն արտահանել MS Excel կամ SPSS հենքով աշխատող տվյալների բազաներ:
  8. Որակի վերահսկողություն և տվյալների հավաստագրում: Հավաքագրված տեղեկատվության որակն ապահովվում է դաշտային հարցումների գործընթացը հատուկ վերահսկողների կողմից կառավարելու և ուղղորդելու միջոցով: Յուրաքանչյուր վերահսկող պատասխանատու է հարցազրուցավարների կոնկրետ խմբի դաշտային աշխատանքները կազմակերպելու և վերահսկելու համար: Դաշտային հարցումներն ավարտելուց հետո, տվյալների էլեկտրոնային բազաները ստուգվում են հնարավոր սխալներն ու բացթողումները հայտնաբերելու նպատակով: Այս գործընթացից հետո իրականացվում է տվյալների նախնական վերլուծություն և համապատասխան տաբուլիացիաների ընտրություն:
  9. Վերլուծություն և հաշվետվություն: Քանակական հետազոտության վերջնական փուլում կատարվում է միաչափ և խաչաձև տաբուլիացիաների արտահանում, վերլուծվում է փոխկապակցվածությունը հարցաթերթում առկա տարբեր փոփոխականների միջև: Տվյալների նման վերլուծության արդյունքներն ամփոփվում են համապատասխան վերլուծական հաշվետվությունների տեսքով, որոնք սովորաբար հագեցած են աղյուսակներով, գծապատկերներով, նկարներով:

Որակական հետազոտության մեթոդները կիրառվում են գրեթե բոլոր հանձնարարականներն իրականացնելիս՝ քանակական արդյունքները փոխլրացնելու և ամբողջացնելու նպատակով, կամ մեծածավալ քանակական հետազոտությունները ավելի համեստ ռեսուրսներով փոխարինելու անհրաժեշտության դեպքում: Կիրառվող կոնկրետ գործիքների ցանկը բավականին մեծ է և պարունակում է նեղ մասնագետների և այլ տեղեկացված անձանց (շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների, գործողություններ իրականացնողների, պաշտոնյաների և այլն) հարցումներ, ստուգողական խմբերի հետազոտություններ, ֆոկուս խմբային քննարկումներ և այլն: Հետազոտության իրականացման գործիքակազմը հատուկ ընտրվում է ամեն մի առանձին առաջադրանքի համար: