Մոնիտորինգ և գնահատում
Մոնիտորինգը և գնահատումը ներկայումս կազմում են զարգացման ծրագրերի պարտադիր և անբաժանելի մասը՝ անկախ այդ ծրագրերի ֆինանսավորման աղբյուրներից։ Մոնիտորինգը (մշտադիտարկումը) զարգացման ծրագրերի և դրանց կյանքի կոչման իրավիճակային, ընթացիկ և շարունակական ուսումնասիրությունն ու արդյունքների արձանագրման գործընթացն է։ Մոնիտորինգն իրականացվում է զարգացման ծրագրերի նախապես պլանավորված և փաստացի արձանագրված նպատակների, արդյունքների, գործողությունների և հատկացված միջոցների համադրման միջոցով։ Մոնիտորինգի գործառույթը նպատակ ունի հնարավորինս արագ բացահայտել փաստացի և հնարավոր (ներուժային) նվաճումները և թերացումները (բացթողումները), ինչպես նաև խթանել դրանց շտկումն ու հաղթահարումը։ Զարգացման ծրագրեր և նախաձեռնություններ իրականացնող ղեկավարների համար մոնիտորինգը հանդիսանում է ընթացիկ կառավարման արդյունավետ գործիք:
Գնահատումը ընթացիկ կամ արդեն ավարտված զարգացման ծրագրերի և նախաձեռնությունների նախագծային կառուցվածքի, իրականացման գործընթացի և արձանագրված արդյունքների համապարփակ և համակարգված ուսումնասիրությունն է։ Գնահատման գործառույթի իրականացման երկու հիմնական նպատակներն են. ա) գնահատման իրականացման արդյունքում ստացված տպավորությունների և քաղված դասերի հիման վրա շտկումներ անել ապագա ծրագրերի քաղաքականության մեջ և կոնկրետ գործողություններում, բ) ստեղծել պատասխանատու միջավայր և ապահովել թափանցիկություն՝ հանրության համար տեղեկատվության մատչելիության ապահովման միջոցով:
Գնահատման իրականացման հիմնական ուղեցույցային սկզբունքները սահմանվել են Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպության Զարգացման Աջակցության Կոմիտեի (OECD-DAC) կողմից և ընդունված են միջազգայնորեն։ Գնահատումը թիրախում է զարգացման ծրագրերի մանրամասն ուսումնասիրություն հետևյալ առումներով.
- Զարգացման ծրագրի համապատասխանությունը (ռելևանտությունը) (relevance),
- Նախատեսվող գործողությունների և անմիջական արդյունքների կատարողականությունը (effectiveness),
- Իրականացվող գործողությունների և ստացված արդյունքների արդյունավետությունը (efficiency),
- Իրականացված գործողությունների երկարաժամկետ ազդեցությունը (impact),
- Ապահովված դրական փոփոխությունների կայունությունը (sustainability):
ԱՄ Փարթնըրզն առաջարկում է մոնիտորինգի և գնահատման հետևյալ ծառայությունները.
- Զարգացման ծրագրերում ներդրվող մոնիտորինգի համակարգերի նախագծում։ Այս գործողությունը հատկապես կարևոր է զարգացման ծրագրի նախագծման կամ իրականացման վաղ (սկզբնական) փուլում։ Լավ մշակված և նախագծված մոնիտորինգային համակարգը հիմնվում է հստակ սահմանված և չափելի նպատակների և նախաձեռնությանը վերաբերվող ենթադրությունների ներկայացման վրա։ Այս առումով խիստ կարևոր նշանակություն ունի կոնկրետ, չափելի, հասանելի, համապատասխան և ժամկետային (SMART (Specific, Measurable, Achievable, Relevant and Time-Bound)) ինդիկատորների սահմանումը և դրանց համակարգի ներդրումը։ Մոնիտորինգի համակարգը առաջարկվող ինդիկատորների հաշվարկման համար սահմանում է նաև տեղեկատվության հավաքագրման աղբյուրներն ու գործիքները։
- Ելակետային հետազոտությունները սովորաբար կիրառվում են հիշատակված ինդիկատորների սահմանման և դրանց բովանդակության նախնական սահմանման նպատակով։ Ելակետային հետազոտությունը նախա-ծրագրային փուլում սոցիալ-տնտեսական, ինչպես նաև այլ իրավիճակային նկարագրական և վերլուծական տեղեկատվության հավաքագրման գործընթաց է։ Այս գործընթացի արդյունքում սահմանված ինդիկատորների համախմբությունը որպես ուղենիշ է կիրառվում է հետագա փուլերում՝ նախատեսվող փոփոխությունների ապահովման աստիճանը չափելու համար։
- Միջնաժամկետ գնահատումն իրականացնում են զարգացման նախաձեռնություններն իրագործելու գործընթացի միջնամասում։ Նման գնահատումները սովորաբար չեն անդրադառնում երկարաժամկետ ազդեցությանն ու կայունությանն առնչվող հարցերին։ Այս հետազոտությունները հիմնականում կենտրոնանում են իրականացվող ծրագրի համապատասխանության, կատարողականության և արդյունավետության ընթացիկ կարգավիճակի վրա։
- Վերջնական կամ ազդեցության գնահատումն իրականացնում են զարգացման ծրագրի ավարտից անմիջապես կամ որոշակի ժամանակ հետո։ Այս գնահատումը համապարփակ ձևով անդրադառնում է զարգացման ծրագրերի բոլոր ասպեկտներին և վերջնական ու ընդհանուր գնահատական է տալիս իրականացված բոլոր գործողություններին։ Այդ վերջնական գնահատականը ստանալու համար որպես հիմք է ընդունվում ծրագրի տրամաբանական կառուցվածքը (Logical Framework Matrix) և դրանում սահմանված ինդիկատորները։ Երբեմն վերջնական կամ ազդեցության գնահատումն իրականացվում է զարգացման նախաձեռնության Իրականացման Ավարտի Ուսումնասիրության (Implementation Completion Review - ICR) ձևաչափով, ինչը սովորաբար ենթադրում է տվյալ աշխատանքի իրականացում հիմնականում ֆինանսավորող դոնոր կազմակերպության մշտական կամ ներգրավված մասնագետների կողմից։
Մոնիտորինգի և գնահատման հանձնարարականների իրականացման ընթացքում կիրառվում են ստանդարտ մեթոդաբանություն և գործիքներ։ Հազվադեպ դեպքերում կարող են օգտագործվել միայն քանակական կամ միայն որակական գործիքներ, սակայն շատ ավելի հաճախ գնահատողներն օգտագործում այդ երկու գործիքները միաժամանակ: