Սոցիալական գնահատում Հայաստանում Գյուղատնտեսական Ռեսուրսների Կառավարման և Մրցունակության Ծրագրի համար

  • Ոլորտ:Գյուղատնտեսություն, գյուղատնտեսական ծառայություններ և ենթակառուցվածքներ
  • Ծառայություններ: Տնտեսական և սոցիալական հետազոտություններ
  • Ժամկետ: Ապրիլի 20, 2010-Հունիսի 28, 2010
  • Նկարագրություն:

Արոտավայրերի կառավարման և օգտագործման բնագավառում իրավիճակի բարելավման նպատակով ՀՀ Գյուղատնտեսության Նախարարության նախաձեռնությամբ և Համաշխարհային Բանկի ֆինանսավորմամբ իրականացվել է «Համայնքների Գյուղատնտեսական Ռեսուրսների Կառավարման և Մրցունակության» Ծրագիրը: Ծրագրի նպատակն է՝ անասնապահական ուղղվածություն ունեցող համայնքներում ներդնել արոտամսուրային անասնապահության առավել մրցունակ և կայուն համակարգ: Սակայն այն չի սահմանափակվում միայն արոտավայրերի կառավարման բնագավառով: Ծրագիրը բաղկացած է հետևյալ երեք բաղադրիչներից՝

  1. Համայնքների արոտավայրերի/անասնապահության կառավարման համակարգ:
  2. Հաստատությունների և օժանդակող ծառայությունների կարողությունների հզորացում, որը ներառում է՝ ա) արոտավայրերի կառավարման, կենդանիների կերակրման և առողջության մասով խորհրդատվական-տեխնիկական ծառայություններ, բ) անասնաբուժական-անասնապահական ծառայություններ:
  3. Մրցակցային դրամաշնորհային ծրագիր:

«Համայնքների Գյուղատնտեսական Ռեսուրսների Կառավարման և Մրցունակության» Ծրագրի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում սույն հետազոտության անցկացումը նպատակ ուներ՝

  • Ստանալ Ծրագրի շահառուների (խոշոր և մանր անասնապահությամբ զբաղվող գյուղացիական տնտեսությունների) սոցիալ-տնտեսական ելակետային տվյալները, որոնք ծրագրի ավարտից հետո կծառայեն որպես համեմատության բազա՝ ծրագրի ազդեցության գնահատման համար:
  • Իրականացնել շահառուների մասնակցային գնահատում՝ պարզելու համար, թե որքանով են արոտավայրերն օգտագործող անասնապահական տնտեսությունները զգայուն Ծրագրի միջոցառումների նկատմամբ, և ինչպես կարող է այն անդրադառնալ շահառուների գործունեության վրա:
  • Իրականացնել արոտավայրերի կառավարման բնագավառի ինստիտուցիոնալ վերլուծություն՝ պարզելու համար, թե ինչ պետական մարմիններ են ներգրավված արոտավայրերի կառավարման գործընթացին և նրա տարբեր փուլերին:
  • Պատրաստել համայնքներում որոշումների ընդունման գործընթացների բարելավման սոցիալական կառավարման պլան, որը կօգնի ինչպես արոտօգտագործման կարգի ճիշտ պահպանմանը, այնպես էլ դրանից բխող հնարավոր ազդեցությունները կանխելու առումով մեղմացուցիչ միջոցառումների իրականացմանը:

Սոցիալական գնահատումն իրականացվել է Ծրագրի կողմից թիրախված Հայաստանի 6 մարզերի մեկական համայնքներում: Սոցիալական գնահատման նպատակով իրականացված հետազոտության ընթացքում հարցազրույցներ են իրականացվել 6 համայնքների գյուղապետերի, 7 անասնաբույժների և անասնապահությամբ զբաղվող 290 տնտեսությունների ներկայացուցիչների հետ:

Հետազոտությունն ընդգրկել է 4 բաժիններ.

  • Շահառու համայնքների և տնտեսությունների սոցիալ-տնտեսական ելակետային տվյալների հետազոտություն
  • Շահառուների մասնակցային գնահատում
  • Ինստիտուցիոնալ գնահատում
  • Սոցիալական կառավարման պլանի մշակում:

Շահառուների սոցիալ-տնտեսական ելակետային տվյալների հետազոտությունն իրականացվել է խոշոր և մանր եղջերավոր անասնապահությամբ զբաղվող 290 անասնապահական տնտեսությունների հետ դեմ առ դեմ հարցազրույցների մեթոդով: Զրույցների վարման համար օգտագործվել են ստանդարտիզացված հարցաշարեր: Հատուկ շեշտադրություն է արվել այն բանի վրա, որ ընտրանքում ընդգրկվեն անասունների գլխաքանակի մեծությամբ որոշվող ինչպես խոշոր, այնպես էլ փոքր տնտեսություններ: Դա թույլ է տվել վերլուծել տարբեր անասնապահական տնտեսությունների կախվածությունը անասնապահությունից ստացվող եկամուտներից և արոտավայրերի օգտագործման աստիճանից:

Շահառուների մասնակցային գնահատումը բաղկացած է եղել երկու խումբ հարցեր հիման վրա՝ ա) արոտավայրերի ներկայումս կիրառվող կառավարման/օգտագործման հարցերում շահառուների մասնակցության աստիճանը և ձևը, բ) արոտավայրերի բարելավմանը, կառավարմանը և օգտագործմանն առնչվող սպասվելիք ծրագրերի նկատմամբ շահառուների սպասումների, վերաբերմունքի և դիրքորոշման հետ կապված հարցեր: Թեմաների հատկապես երկրորդ խումբը պարունակել է շահառուների համար որոշ զգայուն հարցեր, որոնց պատասխանները ստանալու համար անցկացվել են նաև ֆոկուս խմբային քննարկումներ:

Արոտավայրերի կառավարման բնագավառի ինստիտուցիոնալ գնահատումն իրականացվել է երկու ուղղությամբ՝ ա) բնագավառին առնչվող և տարբեր գործառույթներով (կառավարում, կարգավորում, վերահսկողություն) ներգրավված ինստիտուցիոնալ կառույցների և օրենսդրական դաշտի վերլուծություն, բ) բնագավառի մասնագետների հետ իրականացված որակական հարցազրույցներ՝ փորձագիտական կարծիքներ ստանալու համար:

Սոցիալական կառավարման պլանը կառուցվել է Ծրագրի իրականացման արդյունքում շահառուների համար հնարավոր բացասական հետևանքների ազդեցությունների մեղմացման միջոցառումների մշակման հիման վրա: Այն պարունակում է գործողությունների հետևյալ 3 ուղղությունները՝ ա) արոտավայրերի կառավարման համակարգի ստեղծման միջոցառումներ, բ) Ծրագրի հնարավոր բացասական ազդեցությունների մեղմացման միջոցառումներ, գ) պատժամիջոցների համակարգի կիրառում: