«Գյուղական կարողությունների ստեղծում» Ծրագրի ազդեցության գնահատում

  • Ոլորտ:Հանրային ենթակառուցվածքներ
  • Ծառայություններ: Մոնիտորինգ և գնահատում
  • Ժամկետ: Մայիսի 19, 2016-Հուլիսի 05, 2016
  • Նկարագրություն:

«Գյուղական կարողությունների ստեղծում» (ԳԿՍ) Ծրագիրը ֆինանսավորվում է Գյուղատնտեսության Զարգացման Միջազգային Հիմնադրամի (IFAD), Նավթ Արտահանող Երկրների Կազմակերպության (OPEC) Միջազգային Զարգացման Հիմնադրամի, Դանիայի Կառավարության, Հայաստանի Կառավարության, ֆինանսական հաստատությունների և ԳԿՍ Ծրագրի շահառուների կողմից: ԳԿՍ Ծրագրի ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմում է 52 մլն. ԱՄՆ դոլար, իրականացման ժամկետը՝ 2011-2016թթ.: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման» Ծրագրերի իրականացման գրասենյակի (ԳՏՏԶ ԾԻԳ) կողմից:

ԳԿՍ Ծրագրի հիմնանպատակն է բարելավել Հայաստանում գյուղական աղքատ բնակչության տնտեսական և սոցիալական իրավիճակը: Նպատակներին հասնելու համար ԳԿՍ Ծրագրի ներքո Հայաստանի 7 մարզերի (Արագածոտն, Գեղարքունիք, Լոռի, Շիրակ, Վայոց Ձոր, Տավուշ, Սյունիք) 82 համայնքներում իրականացվել են հետևյալ ինտերվենցիաները.

  • Աջակցություն պտղի և ընկուզեղենի արտադրության ոլորտին, որի ներքո Հայաստանի 3 մարզերի 8 համայնքների 121 ֆերմերներին պատկանող հողերի վրա հիմնվել են 85 հա պտղատու (ընկույզի, սալորի, դեղձի, բալի, կեռասի) այգիներ,
  • Գյուղական ենթակառուցվածքների ստեղծում / վերականգնում, որի ներքո իրականացվել են.
    • բնական գազի մատակարարման համակարգեր՝ Հայաստանի 7 մարզերի 51 համայնքների 14,873 տնային տնտեսությունների համար
    • խմելու ջրի մատակարարման համակարգեր՝ Հայաստանի 6 մարզերի 26 համայնքների 12,736 տնային տնտեսությունների համար
    • ոռոգման ջրի մատակարարման համակարգեր՝ Հայաստանի 3 մարզերի 14 համայնքների 3,603 տնային տնտեսությունների համար
    • արևային էներգիայի օգտագործման և կոյուղու համակարգեր՝ Հայաստանի 4 մարզերի 6 համայնքների համար:                   

ԳԿՍ Ծրագրի ուղղակի ազդեցությունը տարածվում է ավելի քան 133 հազ. մարդու վրա:

ԳԿՍ Ծրագրի ազդեցության գնահատման շրջանակներում հաշվարկվել է ծրագրի ցուցանիշների տրամաբանական կառուցվածքից ստացված շուրջ 90 ցուցանիշներ, որոնք վերաբերվում են ծրագրի արդյունավետությանը (effectiveness), ազդեցությանը (impact) և կայունությանը (sustainability): Ծրագրի գնահատման ցուցանիշների հաշվարկման համար անհրաժեշտ տեղեկատվությունը հավաքվել է երկու մեթոդով. ա) երկրոդային տեղեկությունների հավաքագրում պաշտոնական աղբյուրներից, բ) առաջնային տեղեկությունների հավաքագրում ծրագրի շահառուների շրջանում քանակական հետազոտության իրականացման միջոցով:

Երկրորդային տեղեկությունների հավաքագրումն իրականացվել է բազմաթիվ աղբյուրներից, այդ թվում՝ ԳԿՍ Ծրագրի փաստաթղթերից (ծրագրի իրականացման ձեռնարկ, առաքելությունների հաշվետվություններ), Ազգային Վիճակագրական Ծառայությունից, Համաշխարհային Բանկի հրապարակումներից, և այլն:

Առաջնային տեղեկությունների հավաքագրման նպատակով ԳԿՍ Ծրագրի շահառուների շրջանում իրականացվել է քանակական հետազոտություն: Հետազոտության ընտրանքի չափը կազմում է 324 շահառու (տնային տնտեսության ղեկավարներ): Ընտրանքը ներառում է ԳԿՍ Ծրագրի բոլոր ինտերվենցիաների շահառուներին: Նրանց հետ իրականացվել են դեմ-առ-դեմ հարցազրույցներ՝ էլեկտրոնային հարցաշարերի միջոցով: Ռեսպոնդենտների պատասխանների արձանագրման համար կիրառվել են թաբլեթներ, որոնք 3G կապով միացած են տվյալների էլեկտրոնայն բազայի հետ, որը գտնվում է SurveyMonkey հարթակում: Այս մեթոդը թույլ է տվել ԳԿՍ Ծրագրի ազդեցության գնահատման համար անհրաժեշտ մեծ ծավալի տեղեկությունների հավաքագրումը, ճշգրտումը, ամփոփումը և վերլուծությունն իրականացնել շատ կարճ ժամկետում՝ մեկ ամսում:

ԳԿՍ Ծրագրի ազդեցության գնահատման հետազոտության արդյունքների վերլուծության և ներկայացման համար մեր ընկերությունն առաջին անգամ կիրառել է տվյալների աշխարհագրական քարտեզավորման մեթոդը: Այն թույլ է տալիս վիզուալ կապ ստեղծել ծրագրի արդյունքների և տարածքների միջև: Տվյալների աշխարհագրական քարտեզավորման նպատակով օգտագործվել է GIS ծրագրային համակարգը:

ԳԿՍ Ծրագրի ազդեցության գնահատման հետազոտության արդյունքների հիման վրա պատրաստվել է հաշվետվություն, որը հետազոտության արդյունքների ներկայացումից բացի պարունակում է նաև ԳԿՍ Ծրագրի իրականացման վերաբերյալ գնահատականներ և առաջարկություններ: Հաշվետվությունը ներկայացվել է ԳՏՏԶ ԾԻԳ-ին և ֆինանսավորող (դոնոր) կազմակերպություններին: