Օգտագործողների շրջանում հայկական դեղագործական արտադրանքի ընկալման և վերաբերմունքի շուկայական հետազոտություն

  • Ոլորտ:Դեղագործություն
  • Ծառայություններ: Հանրային հարցումներ
  • Ժամկետ: Դեկտեմբերի 23, 2010-Փետրվարի 20, 2011
  • Նկարագրություն:

Հետազոտությունն իրականացվել է ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) կողմից ֆինանսավորվող «Մրցունակ Մասնավոր Հատված Հայաստանում» (CAPS) Ծրագրի շրջանակներում: CAPS Ծրագրի իրականացման ընթացքում իրականացվել է հայկական դեղագործական արտադրանքի ճանաչվածության բարձրացմանը միտված «Առողջ ազգ, առողջ տնտեսություն» քարոզարշավը: Այդ միջոցառման շրջանակներում կազմակերպվել են ընդունելություններ և շնորհանդեսներ, հեռուստա-ռադիոհաղորդումներ, մամուլի ասուլիսներ, հրապարակումներ մամուլում, ինտերնետում, սեմինարներ բժիշկների շրջանում՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում:

Սույն հետազոտությունը CAPS Ծրագրի կողմից նախաձեռնված և Խորհրդատուի կողմից իրականացրած նմանատիպ երկրորդ հետազոտությունն է: Առաջին հետազոտությունն իրականացվել է 2008թ. ապրիլ-հուլիս ամիսներին:

Հայկական դեղագործական արտադրանքի ընկալման և վերաբերմունքի շուկայական սույն հետազոտությունը հետապնդել է 4 նպատակներ.

  1. պարզել 2011թ.-ի դրությամբ օգտագործողների շրջանում հայկական դեղագործական արտադրանքի տեղեկացվածության աստիճանը, ընկալման և վերաբերմունքի առանձնահատկությունները,
  2. 2011թ.-ի տվյալները 2008թ.-ի հետ համեմատելու միջոցով՝ գնահատել օգտագործողների տեղեկացվածության և վերաբերմունքի դինամիկան,
  3. գնահատել CAPS Ծրագրի կողմից 2010թ.-ին իրականացված «Առողջ ազգ, առողջ տնտեսություն» քարոզարշավի կարևորությունը և արդյունավետությունը,
  4. պարզել հայկական դեղագործական ձեռնարկությունների գործունեության ցուցանիշների դինամիկան 2008-2010թթ.-ին:

Հետազոտության անհրաժեշտ տվյալների հավաքագրումն իրականացվել է Երևանում, Գյումրիում և Վանաձորում: Հետազոտության թիրախային խմբերն են՝ բնակիչ-սպառողները, բժիշկները, դեղատների աշխատողները: Բնակիչ-սպառողների դեպքում հարցազրույցներն իրականացվել են դեղերի գնորդների և օգտագործողների շրջանում: Տվյալները հավաքագրվել են դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով: Խմբերից յուրաքանչյուրի համար օգտագործվել է առանձին հարցաշար: Երեք թիրխային խմբերում միասին անցկացվել են 540 հարցազրույցներ: Հարցազրույցներ են անցկացվել նաև ստուգողական խմբերում, որին մասնակցել են 30 բժիշկներ:

Արդյունքների ամփոփումը թույլ է տալիս ներկայացնել հետևյալ եզրահանգումները.

  • 2011թ.-ին հայկական արտադրության դեղերը վայելում են ավելի մեծ ճանաչվածություն, քան 2008թ.-ին: Հայկական դեղերի վեաբերյալ տեղեկացվածությունն աճել է բոլոր հիմնական օգտագործողների՝ բնակիչ-սպառողների, բժիշկների և դեղատների աշխատողների շրջանում:
  • «Առողջ ազգ, առողջ տնտեսություն» քարոզարշավը, ընդհանուր առմամբ, լուծել է օգտագործողների շրջանում հայկական արտադրության դեղերի և արտադրողների ճանաչվածության բարձրացման խնդիրը:
  • Հայկական արտադրության դեղերի մասին տեղեկացվածության աճը չի հանգեցրել օգտագործողների դրական վերաբերմունքի աճի:
  • Հայկական արտադրության դեղերի մրցակցային առավելություններն են հանդիսանում համեմատաբար ցածր գները և բարձր հասանելիությունը: Սակայն օգտագործողների համար առավել բարձր են գնահատվում դեղերի որակական հատկանիշները:
  • Հայկական դեղագործական ձեռնարկությունների հետազոտությունը ցույց է տալիս, որ 2008-2011թթ.-ին նրանց մեծ մասի մոտ տեղի են ունեցել դրական զարգացումներ՝ իրացումների և արտահանման աճ, արտահանման շուկաների կենտրոնացում և դրանցում իրացման ծավալների ընդլայնում, աշխատողների թվաքանակի աճ, շուկայավարման բյուջեների ընդլայնում:

 


Օգտագործողների շրջանում հայկական դեղագործական արտադրանքի ընկալման և վերաբերմունքի շուկայական հետազոտություն