Կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ հանրային տեղեկացվածության ելակետային հետազոտություն

  • Ոլորտ:Կենսաթոշակային համակարգ
  • Ծառայություններ: Հանրային հարցումներ
  • Ժամկետ: Հոկտեմբերի 13, 2010-Ապրիլի 15, 2011
  • Նկարագրություն:

Հետազոտությունն իրականացվել է ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) կողմից ֆինանսավորվող «Կենսաթոշակային և Աշխատանքի Շուկայի Բարեփոխումներ» (PALM) Ծրագրի շրջանակներում:

Կենսաթոշակային համակարգում առկա մարտահրավերներին դիմագրավելու և կենսաթոշակային համակարգի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝ ՀՀ Կառավարությունը նախաձեռնել է կենսաթոշակային բարեփոխումներ՝ միտված համակարգի առաջ կանգնած խնդիրների լուծմանը, այն է՝ կենսաթոշակառուների համար համարժեք կենսաթոշակների և կենսաթոշակային համակարգի ֆինանսական կայունության ապահովում: Բարեփոխումների իրականացման մեջ շահագրգիռ բոլոր կառույցները կարիք ունեն հստակ տեղեկատվության, թե ինչպիսին է հանրության տեղեկացվածությունը և վերաբերմունքը գործող կենսաթոշակային համակարգի և իրականացվող բարեփոխումների մասին: Հարցերի պատասխանը ստանալու, հանրային իրազեկման աշխատանքներն առավել արդյունավետ և նպատակային կազմակերպելու նպատակով՝ նախաձեռնվել է սույն հետազոտության իրականացումը:

Հետազոտության նպատակից բխող խնդիրներն են եղել՝

  • բացահայտել գործող կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հանրության տեղեկացվածության աստիճանը և վերաբերմունքը,
  • պարզել հանրության տեղեկացվածությունը, դիրքորոշումները և սպասելիքները կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ,
  • հավաքել կարծիքներ պետական և ֆինանսական կառույցների գործունեության վերաբերյալ հանրության վստահության մասին,
  • բացահայտել հանրության կողմից տեղեկատվության սպառման հիմնական աղբյուրները և գնահատել դրանց նկատմամբ վստահությունը:

Հետազոտության իրականացման համար կիրառվել է քանակական հարցման մեթոդը: Հետազոտության իրականացման գործիք է ծառայել ստանդարտացված հարցաթերթը՝ բաղկացած և փակ, և բաց հարցերից: Հարցաթերթը ներառել է 47 հարցեր, որոնք բաժանվել են հետևյալ 5 բաժինների.

  • հանրության տեղեկացվածությունը, պատկերացումները և դիրքորոշումները գործող կենսաթոշակային համակարգի վերաբերյալ,
  • հանրության տեղեկացվածությունը, վերաբերմունքը, սպասելիքները և մտահոգությունները կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ,
  • հանրության վստահությունը պետական և ֆինանսական կառույցների նկատմամբ,
  • տեղեկատվության ստացման աղբյուրները, դրանց նկատմամբ հանրային վստահությունը և հետաքրքրությունը,
  • հետազոտվող համախմբության ժողովրդագրական բնութագիրը:

Հետազոտությունն իրականացվել է Երևանում և ՀՀ բոլոր մարզերում, յուրաքանչյուր մարզում՝ քաղաքային և գյուղական 2-ական համայնքներում: Իրականացվել են 992 քանակական հարցումներ` Հայաստանի բնակչության աշխատունակ տարիքային (16-62 տարեկան) խմբի ներկայացուցիչների շրջանում։ Ստացված տվյալները թվայնացվել և վերլուծվել են SPSS ծրագրային փաթեթի միջոցով:

Հետազոտությամբ ստացված քանակական և որակական տեղեկատվության համադրման արդյունքում կատարվել են հետևյալ հիմնական եզրահանգումները.

  • Հայաստանում գործող կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հանրության տեղեկացվածության աստիճանը բարձր չէ:
  • Հանրությունը բավարար չափով տիրապետում է գործող կենսաթոշակային համակարգի վերաբերյալ որակական տեղեկատվությանը, ինչպիսիսք են՝ կենսաթոշակային ֆոնդի ձևավորման աղբյուրները, կենսաթոշակի կառուցվածքը և բաղադրիչները, մինչդեռ անծանոթ են կամ չեն մտապահում թվային տեղեկությունները՝ սոցվճարների չափը, բազային կենսաթոշակի չափը և ապահովագրական ստաժի մեր տարվա արժեքը:
  • Հանրության տեղեկացվածության մակարդակը կենսաթոշակային բարեփոխումների մասին բավարար ցածր է և ոչ ամբողջական: Հանրությունը խիստ մակերեսային և ոչ լիարժեք տեղեկություն ունի կենսաթոշակային համակարգի ներդրման սկզբունքների՝ կամավոր և պարտադիր կուտակային համակարգերի, ժամկետների, կենսաթոշակային ֆոնդի ձևավորման աղբյուրների մասին:
  • Հանրության շրջանում պետական և ֆինանսական կառույցները վստահության առանձնապես բարձր վարկանիշ չունեն: Հանրության շրջանում կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ հիմնական մտահոգությունը կապված է պետության նկատմամբ անվստահության և կուտակվելիք գումարների ապահովության հետ:
  • Հասարակության շրջանում քաղաքական, տնտեսական, մշակութային, սոցիալական տեղեկությունների սպառման հիմնական միջոցն է հեռուստատեսությունը: Հաջորդ ամենատարածված տեղեկատվական աղբյուրներն են՝ ծանոթները, բարեկամները, թերթերը և համացանցը: Հանրության կողմից կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ ամենանախընտրելի հեռուստատեսային ձևաչափերն են բանավեճերը և հարցազրույցները: