ՀՀ ԳՆ Գյուղատնտեսության Աջակցության Մարզային Կենտրոնների կողմից մատուցված խորհրդատվական գործունեության և ազդեցության գնահատում

  • Ոլորտ:Գյուղատնտեսություն, գյուղատնտեսական ծառայություններ և ենթակառուցվածքներ
  • Ծառայություններ: Մոնիտորինգ և գնահատում
  • Ժամկետ: Հոկտեմբերի 19, 2012-Դեկտեմբերի 01, 2014
  • Նկարագրություն:

Ավելի քան մեկ տասնամյակ է, ինչ Հայաստանում գործունեություն են իրականացնում Գյուղատնտեսության Աջակցության Մարզային Կենտրոնները (ԳԱՄԿ): Դրանք ստեղծվել են ՀՀ Գյուղատնտեսության Նախարարության կողմից իրականացվող և Համաշխարհային Բանկի կողմից ֆինանսավորվող «Գյուղատնտեսական Բարեփոխումների Աջակցության» Ծրագրի շրջանակներում:

ԳԱՄԿ-երը ստեղծվել են որպես գյուղատնտեսության բնագավառում կառավարման, տեխնիկական խորհրդատվության, տեղեկատվության և շուկայավարման ծառայություններ մատուցող կառույցներ: ԳԱՄԿ-երի գլխավոր առանձնահատկությունը և առավելությունը կայանում է նրանում, որ նրանց ծառայություններն ավելի մատչելի և հասանելի են գյուղացիական տնտեսությունների (ֆերմերների) համար:

ԳԱՄԿ-երը, համագործակցելով տեղական և միջազգային կազմակերպությունների հետ, իրականացնում են գյուղատնտեսության ոլորտի բազմաճյուղ ծրագրեր, ինչպես նաև՝ ֆերմերներին տրամադրում են անհրաժեշտ մասնագիտական տեղեկություններ և մարքեթինգային ծառայություններ: ԳԱՄԿ-երի գործունեության շրջանակը ներառում է.

  • ֆերմերների համար տեխնոլոգիաների գնահատման առավել մատչելի ուսումնասիրության կազմակերպում,
  • ֆերմերներին այլընտրանքային տեխնոլոգիաների և մեթոդների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
  • ֆերմերներին տրամադրված և նրանցից ստացված տեղեկատվության ծավալի ավելացում,
  • ֆերմերներին վարկային և մարքեթինգային բիզնես պլաններ մշակելու գործընթացներում աջակցություն:

ԳԱՄԿ-երի գնահատման նպատակն է՝ գտնել գործող խորհրդատվական ծառայությունների համակարգը առավել ռացիոնալ և արդյունավետ դարձնելու ուղիներ և միջոցներ, խթանել հաճախորդների բարձրակարգ սպասարկման ապահովումը և խորհրդատվական համակարգի երկարատև կայուն զարգացումը:

Գնահատման առարկան է՝ ֆերմերների շրջանում ԳԱՄԿ-երի ծառայությունների կարևորության ընկալումը և արժևորումը, ԳԱՄԿ-երի ծառայությունների ազդեցությունը ֆերմերների գործունեության ցուցանիշների վրա:

ԱՄ Փարթնըրզ խորհրդատվական ընկերությունը ԳԱՄԿ-երի գնահատումն իրականացրել է 2 անգամ՝ 2012թ.-ին և 2014թ.-ին։ Գնահատման հետազոտությունն իրականացվել է Համաշխարհային Բանկի կողմից սահմանված մեթոդոլոգիայի հիման վրա, որը առաջարկում է ընտրանքի ձևավորման մոտեցումները և հետազոտության գործիքը՝ ստանդարտացված հարցաշարը: Գնահատման հետազոտության իրականացման նպատակով Խորհրդատուն հարցումներ է իրականացրել 4 մարզերի 20 գյուղական համայնքների 300 ֆերմերների և 20 համայնքապետերի շրջանում:

ԳԱՄԿ-երի խորհրդատվական գործունեության ազդեցության գնահատման համար կիրառվել են քանակական և որակական հետազոտությունների մեթոդներ: Քանակական հետազոտության ներքո հարցումներ են անցկացվել ԳԱՄԿ-երի ծառայություններից օգտված ֆերմերների շրջանում, որոնց միջոցով գնահատվել է ԳԱՄԿ-երի խորհրդատվական ծառայություններից ֆերմերների բավարարվածությունը, ինչպես նաև ԳԱՄԿ-երի խորհրդատվական ծառայություններով պայմանավորված ֆերմերների գործունեության մեջ տեղ գտած փոփոխությունները:

Որակական հետազոտության ներքո սահմանափակ թվով հարցումներ են կատարվել գյուղապետերի շրջանում` պարզելու համար ԳԱՄԿ-երի գործունեության ազդեցությունը տեղական համայնքների վրա: Հարցումներն անցկացվել են դեմ առ դեմ հարցազրույցների մեթոդով և ստանդարտացված հարցաշարերի կիրառմամբ:

ԳԱՄԿ-երի խորհրդատվական գործունեության ազդեցության գնահատման համար կիրառվել են 2 մոտեցումներ.

  • գնահատման հետազոտության ժամանակ ստացված տվյալները համադրվել են «Համայնքների Գյուղատնտեսական Ռեսուրսների Կառավարման և Մրցունակության» Ծրագրի Գնահատման Փաստաթղթում սահմանված մոնիտորինգի իրականացման ցուցանիշների հետ,
  • գնահատման հետազոտության ժամանակ ստացված տվյալները համադրվել են նախորդ տարիների գնահատման հետազոտությունների տվյալների հետ: Համեմատության միջոցով գնահատվել է, թե ԳԱՄԿ-երն իրենց առաքելության կատարման ընթացքում ինչ առաջընթաց են արձանագրել:

Գնահատման հետազոտության առավել ուշագրավ արդյունքներն են.

  • ԳԱՄԿ-երի ծառայություններից օգտված ֆերմերների տնտեսությունների եկամուտներում արձանագրվել է դինամիկ աճ:
  • Տարեց տարի ամրապնդվում է ԳԱՄԿ-երի և նրանց կողմից սպասարկվող համայնքների կապը:
  • էապես բարձրացել է ֆերմերների կողմից ԳԱՄԿ-երի խորհրդատվական ծառայությունների արժևորումը:
  • Ֆերմերների կողմից ԳԱՄԿ-երի խորհրդատուների հմտություններն արժանացել են բարձր գնահատականների:
  • ԳԱՄԿ-երի գործունեությանը համայնքապետերի արձագանքը հետևյալն է. ԳԱՄԿ-երի գործունեության արդյունավետությունը գնահատվում է բարձր, իսկ նրանց ծառայությունների մատուցման շարունակականության ապահովումն՝ անհրաժեշտություն: