Ապրիլի 16, 2015 Կենսաթոշակային համակարգի ծրագրերը ենթարկվում են մոնիտորինգի և գնահատման

Կենսաթոշակային համակարգի ծրագրերը ենթարկվում են մոնիտորինգի և գնահատման

ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Կենսաթոշակային Բարեփոխումների Իրականացման Ծրագրի» (ԿԲԻ Ծրագիր) գրասենյակում տեղի ունեցավ կենսաթոշակային համակարգի շրջանակում իրականացվող ծրագրերի արդյունքի վրա հիմնված մոնիտորինգի և գնահատման աշխատանքային խմբի հերթական քննարկումը, որին հրավիրված էին ԱՄ Փարթնըրզի տնօրեն Վահե Մամբրեյանը և Ծրագրերի ղեկավար Վարդան Աղբալյանը: Քննարկումը վարեց է ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի փոխնախարար Սոնա Հարությունյանը, ներկա են եղել ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչ Տաճատ Ստեփանյանը, ԿԲԻ Ծրագրի ղեկավար Արտակ Ղազարյանը, այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:

Ի թիվս այլ հարցերի քննարկվեց ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող «Աշխատանքային կենսաթոշակներ» Ծրագրի շահառուների շրջանում իրականացվելիք ընտրանքային հետազոտության, ֆոկուս խմբային քննարկումների և Սոցիալական Ապահովության Պետական Ծառայության աշխատակիցների շրջանում հարցման հետ կապված հարցեր: Հետազոտությունը ելակետային է, որի ընթացքում պետք է հավաքագրվեն «Աշխատանքային կենսաթոշակներ» Ծրագրի մոնիտորինգի ցուցանիշների լրացման համար անհրաժեշտ տվյալներ: ԱՄ Փարթնըրզն արդեն մշակել է նախատեսվող հետազոտության շահառուների հարցաշարի և ֆոկուս խմբային քննարկումների ուղեցույցի նախագծերը, որոնք տրամադրվեցին շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներին՝ առաջարկություններ ներկայացնելու համար: Քննարկվեց նաև հետազոտության մեթոդոլոգիան, ընտրանքի կազմը և ծավալը: Նախատեսվում է հետազոտությունը սկսել առաջիկա ամսում: