Պատուհան 1-ի շրջանակում մեկնարկային փաթեթների իրականացում

  • Ոլորտ:Գյուղատնտեսություն, գյուղատնտեսական ծառայություններ և ենթակառուցվածքներ
  • Ծառայություններ: Ծրագրերի մշակում և իրականացում
  • Ժամկետ: Հունիսի 16, 2020-Հունիսի 16, 2022
  • Նկարագրություն:

Հայաստանի Հանրապետությունը (ՀՀ) Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամից (ԳԶՄՀ/IFAD), Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամից (ՄԶՕՀ) և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամից (ԳԷՀ/GEF) ստացել է ֆինանսավորում, որի մի մասը ԳԶՄՀ/IFAD-ը օգտագործում է «Պատուհան 1 - Դիվերսիֆիկացման և պարենային անվտանգության» Ծրագրի (Պ1 ծրագիր) ֆինանսավորման համար: Պ1 ծրագիրն իրականացվում է ՀՀ Էկոնոմիկայի Նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման» ծրագրերի իրականացման գրասենյակի (ԳՏՏԶ ԾԻԳ) կողմից: Ծրագրի Խորհրդատուն և տեխնիկական իրականացնողն է «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» ՍՊ ընկերությունը: Պ1 ծրագիրն իրականացվում է 16.06.2020.-16.02.2022. ժամանակահատվածում:

Պ1 ծրագիրն իրականացվում է «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության» Ծրագրի (ԵԳՖԱ ծրագիր) շրջանակներում։ ԵԳՖԱ Ծրագիրը մեկնարկել է 2016թ.-ին։ Այն ֆինանսավորվում է ԳԶՄՀ/IFAD-ի, ՄԶՕՀ-ի և ՀՀ Կառավարության կողմից։ Ծրագրի ընդհանուր նպատակն է բարելավել ընտրված առավել աղքատ գյուղական տարածքների բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը՝ նրանց համար ստեղծելով աշխատանքի և եկամուտ ստանալու հնարավորություններ։

ԵԳՖԱ ծրագիրը բաղկացած է 5 բաղադրիչներից, որոնցից մեկը ծրագրի կառավարումն է, իսկ մյուս չորսը` ծրագրի ինտերվենցիաները: Դրանք են.

  1. գյուղական ֆինանսավորում,
  2. գյուղական տարածքների ջրամատակարարման ենթակառուցվածքներ,
  3. ֆերմերների իրազեկում և աջակցություն և
  4. Հայաստանում արտադրողականության աճին ուղղված հողերի կայուն կառավարում:

Հողերի կայուն կառավարման բաղադրիչը ֆինանսավորվում է ԳԷՀ/GEF-ի կողմից, որի միջոցով ԳԷՀ/GEF-ը մասնակցություն բերեց ԵԳՖԱ ծրագրին՝ նպատակ ունենալով բարձրացնել Հայաստանի խոցելի տարածքներում բնակվող գյուղական համայնքների ընդհանուր դիմակայությունը`

  • ինտեգրելով հողի և ջրի պահպանման միջոցառումները՝ նպատակային մշակաբույսերի և բանջարեղենի զարգացման նպատակով,
  • վերականգնելով ծրագրի համայնքներում կլիմայական փոփոխությունների և դեգրադացման նկատմամբ ագրոհամակարգերի և համայնքային նշանակության հողերի կայունությունը։

Գյուղատնտեսության կայունության բարելավման և արտադրության զարգացման նպատակով մշակվել են ֆինանսավորման երկու տարբեր ուղղություններ (պատուհաններ), որոնք ուղղված են դիվերսիֆիկացմանը, պարենային անվտանգությանը և գյուղատնտեսական համակարգերի զարգացմանը: Այս համատեքստում` նախատեսվում է փոքր դրամաշնորհների (մեկնարկային փաթեթներ) և համակցված ֆինանսական պրոդուկտների տրամադրում թիրախային բնակավայրերի խոցելի խմբերին (կանանց գլխավորությամբ, երիտասարդների գլխավորությամբ և աղքատ տնային տնտեսություններ), ինչպես նաև փոքր ձեռնարկատերերին, որոնք խոցելի տարածքներում հողերի պահպանման սկզբունքի հիման վրա իրականացնում են կայուն գյուղատնտեսությանն ուղղված գործունեություն:

Այսպիսով, թիրախային բնակավայրերի խոցելի խմբերի ֆինանսավորման համար սահմանված են 2 պատուհաններ.

  • Պատուհան 1 - Դիվերսիֆիկացման և պարենային անվտանգության ծրագիր (մեկնարկային փաթեթներ), և
  • Պատուհան 2 - Կայուն գյուղատնտեսական ծրագիր (համակցված ֆինանսական պրոդուկտներ):

Պ1 ծրագրի շրջանակներում նախատեսվում է թիրախային բնակավայրերի առնվազն 320 տնային տնտեսությունների (ՏՏ) տրամադրել մինչև 3,000 ԱՄՆ դոլարի չափով ապրանքային դրամաշնորհներ` հետևյալ երեք տեսակի գործունեություն ծավալելու կամ զարգացնելու համար.

  1. Պտուղ-բանջարեղենի աճեցում: Դրամաշնորհային այս փաթեթի ներքո կֆինանսավորվեն կայուն գյուղատնտեսության վարման պահանջներին համապատասխանող պտղատու այգիների հիմնման, բանջարանոցային մշակաբույսերի (լոլիկ, վարունգ, պղպեղ, սմբուկ) մշակության համար անհրաժեշտ փոքր գործիքների, տնկիների, փոքր չափի թունելային ջերմոցների ձեռքբերումը, ոռոգման արդյունավետ համակարգերի (օրինակ՝ կաթիլային կամ ծորակային ոռոգման) տեղադրումը, օրգանական պարարտանյութերի գնումը, վայրի հավաքի պտուղների և խոտաբույսերի հավաքման, արտադրանքի թողարկման և փաթեթավորման փոքր սարքավորումների ձեռքբերումը:
  2. Չրագործություն: Դրամաշնորհային այս փաթեթի ներքո կֆինանսավորվեն փոքր էլեկտրական չորանոցների (150 կգ տարողությամբ) ձեռքբերումը:
  3. Մեղվապահություն: Դրամաշնորհային այս փաթեթի ներքո կֆինանսավորվեն մեղվափեթակների և մեղվաընտանիքների, մեղրաքամի և փաթեթավորման սարքավորումների ձեռքբերումը:

Պ1 ծրագրի թիրախային տարածքներն են Հայաստանի 3 մարզերի 16 բնակավայրեր, այդ թվում`

  • Արարատի մարզի Շահումյան, Նոր Ուղի, Փոքր Վեդի և Սուրենավան բնակավայրերը,
  • Վայոց Ձորի մարզի Արփի և Զառիթափ բնակավայրերը,
  • Սյունիքի մարզի Սպանդարյան, Դարբաս, Հարժիս, Մեղրի, Ագարակ, Կարճևան, Լեհվազ, Ալվանք, Շվանիձոր և Նռնաձոր բնակավայրերը:   

Պ1 ծրագրի շահառուներն են թիրախային բնակավայրերի հետևյալ 3 տեսակի խոցելի խմբերը ներկայացնող տնային տնտեսությունները (ՏՏ).

  • կանանց կողմից ղեկավարվող ՏՏ-ներ,
  • երիտասարդների կողմից ղեկավարվող ՏՏ-ներ, և
  • աղքատ ՏՏ-ներ: