Իրագործելիության հետազոտություններ

Իրագործելիության հետազոտությունը որևէ գաղափարի իրականացման կենսունակության վերլուծությունն է: Այս գործողությունը կենտրոնանում է այն հարցի վրա, թե արդյոք առաջադրված գաղափարը կամ ծրագիրը պետք է իրագործել կամ այն ենթակա է շարունակման, թե՝ ոչ: Նման հետազոտություն իրականացնում են հիմնականում որոշակի ռիսկայնություն պարունակող գործարար ծրագրերի կամ մեծածավալ զարգացման նախաձեռնությունների իրագործումից առաջ և որպես դրանց նախապայման: Գաղափարի անիրագործելիության վաղ բացահայտումը թույլ է տալիս խնայել ժամանակ, դրամ և այլ ռեսուրսներ:

Իրագործելի գործարար ծրագիրը այնպիսի մի գաղափար է, որը թույլ է տալիս բավարար քանակությամբ դրամական միջոցներ և շահույթ գեներացնել գործունեության կամ ծրագրի սահուն իրականացման համար, դիմագրավել իրագործման ընթացքում առաջացող բոլոր ռիսկերին, լինել երկարաժամկետ առումով կենսունակ և հասնել սահմանված նպատակներին:

Իրագործելիության հետազոտությունը չի կարելի նույնացնել գործարար ծրագրի հետ. իրագործելիության հետազոտությունն անդրադառնում է բիզնեսի կամ գաղափարի իրագործելիությանն ընդհանրապես, մինչդեռ գործարար ծրագիրը սահմանում է, թե ինչպես կարելի է այդ գաղափարը կյանքի կոչել: Ժամանակագրորեն իրագործելիության հետազոտությունն իրականացվում է գործարար ծրագրի պատրաստումից բավականին առաջ: ԱՄ Փարթնըրզի կողմից առաջարկվում է իրագործելիության հետազոտության ստանդարտ կառուցվածք՝ անկախ ուսումնասիրվող գաղափարի բնույթից, կոնցեպցիայից,  իրագործման ոլորտից: Տարբերություններն ի հայտ են գալիս արդեն կոնկրետ ծրագրերի մանրամասներին անդրադառնալիս:

ԱՄ Փարթնըրզն առաջարկում է իրագործելիության հետազոտության հետևյալ կառուցվածքը.

  1. Գործարար գաղափարի կամ ծրագրի իրականացման տարբեր սցենարների գնահատում՝ «այլընտրանքների գնահատման» մոտեցման կիրառում, ներառյալ՝ ա) տարբեր սցենարների մշակում և քննարկում, բ) ամենակենսունակ սցենարի ընտրություն և ծրագրի սահմանում, գ) տեղային իրավիճակին գաղափարի համապատասխանության հիմնավորում:
  2. Շուկայական իրագործելիություն, ներառյալ՝ ա) (ենթա)ոլորտի  նկարագրություն (ագրեգացված), բ) շուկայի հատվածավորում, մասնակիցներ, մրցակցություն, գ) շուկայի ներուժ և զարգացման նախադրյալներ, դ) գաղափարի/ծրագրի վրա ազդող առավել զգալի գործոններ, ե) վաճառքների կանխատեսում:
  3. Տեխնիկական իրագործելիություն, ներառյալ՝ ա) առկա տեխնիկական հզորություններ (հիմնական արտադրատարածքներ, ենթակառուցվածքներ, սարքավորումներ) և ընդլայնման կարիքներ, բ) առկա մարդկային (մասնագիտական) ռեսուրսներ և նոր ռեսուրսներ ներգրավելու կարիք, գ) հումքի և ներդրանքների հասանելիությունը և ընդլայնման կարիքը:
  4. Ֆինանսական իրագործելիություն, ներառյալ՝ ա) հատկացված ֆինանսական ռեսուրսների բավարարություն, բ) եկամուտների և ծախսերի հաշվետվության կանխատեսում, գ) դրամական հոսքերի հաշվետվության կանխատեսում, դ) հաշվեկռի կանխատեսում, ե) ֆինանսական գործակիցների հաշվարկում և վերլուծություն:

Իրագործելիության հետազոտության անցկացման մեթոդները տարբեր են և որևէ կոնկրետ մեթոդի կիրառությունը կախված է առանձին վերցված հանձնարարության առանձնահատկություններից: Չնայած դրան՝ ԱՄ Փարթնըրզի կողմից կիրառվում է հետևյալ ընդհանրական մեթոդաբանական մոտեցումը.

  1. Տեղեկատվության հավաքագրում (ուղղակի դիտարկումներ, երկրորդային տեղեկատվության տեսական վերլուծություն, նեղ մասնագիտացած մասնագետների ներգրավում և ալն),
  2. Հավաքագրված տվյալների ստանդարտացում, ստուգում և հավաստում,
  3. Տվյալների մշակում՝ խաչաձև ստուգում, սեգրեգացում և ագրեգացում, տարածում, ամփոփում,
  4. Մշակված տվյալների վերլուծություն և հաշվետվությունների պատրաստում: