Ապրանքային նշանի, մակնշման և փաթեթավորման մշակման ծառայություններ

  • Ոլորտ:Սննդի արտադրություն
  • Ծառայություններ: Շուկայավարում
  • Ժամկետ: Մայիսի 12, 2016-Հոկտեմբերի 16, 2017
  • Նկարագրություն:

Եվրոպական Հարևանության Գյուղատնտեսության և Գյուղի Զարգացման (ENPARD) եռամյա ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2015թ.-ի հունվարին: Ծրագրի նպատակն է Եվրոպական հարևանության երկրներում աջակցել գյուղատնտեսական կառույցներին, նպաստել ֆերմերների ասոցիացիաների զարգացմանը և բարելավել սննդի հասանելիությունը: ENPARD Ծրագրի շրջանակում ՄԱԿ-ի Արդյունաբերական Զարգացման Կազմակերպությունը (UNIDO), ՄԱԿ-ի Զարգացման Ծրագիրը (UNDP) և ՄԱԿ-ի Պարենի և Գյուղատնտեսության Կազմակերպությունը (FAO) տեխնիկական աջակցություն են տրամադրում Հայաստանի կառավարությանը՝ սերտորեն համագործակցելով Գյուղատնտեսության նախարարության, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ շահագրգիռ կողմերի հետ: ENPARD Հայաստանի «Արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացում» տեխնիկական աջակցության ծրագիրն իրականացվում է UNIDO-ի և UNDP-ի կողմից: Տեխնիկակակն աջակցության բաղադրիչի ուշադրության կենտրոնում են արտադրող խմբերը, արժեշղթաների զարգացումը, արտադրության ծավալի ընդլայնումը, արտադրանքի մշակումը, տեխնոլոգիական արդիականացումը, արտադրանքի վաճառքը, ինչպես նաև գյուղատնտեսական լավագույն փորձի ու աղետների ռիսկի նվազեցման համակարգերի ներդրումը: Ծրագրի շահառուներն են ֆերմերային տնտեսությունները, գյուղմթերք արտադրող խմբերի անդամները և նրանց ընտանիքները, գյուղատնտեսական արժեշղթաներում ներգրավված բնակչությունը, ինչպես նաև Հայաստանի սպառողները: Ծրագրի ուշադրության կենտրոնում են կանանց և երիտասարդների խմբերը, բնակչության խոցելի խմբերը:

2016թ.-ի ապրիլի դրությամբ ENPARD Ծրագրի կողմից ընտրվել էին Հայաստանի տարբեր մարզերում գործող 15 գյուղատնտեսական կոոպերատիվներ, որոնք պետք է տեխնիկական աջակցություն ստանային՝ ապրանքային դրամաշնորհի տեսքով (սարքավորումներ և գործիքներ)։ Միաժամանակ, ENPARD Ծրագիրը այդ կոոպերատիվներին աջակցում է սեփական ապրանքային նշանների և ապագա արտադրանքի փաթեթավորման, ինչպես նաև շուկայի մուտքի ռազմավարության մշակման հարցերում։ Այս խնդիրների լուծմանն էր միտված ԱՄ Փարթնըրզ խորհրդատվական ընկերության կողմից սույն աշխատանքի իրականացումը։

Ընտրված 15 գյուղատնտեսական կոոպերատիվները զբաղվում են հետևյալ մթերքների արտադրությամբ.

  • չորացրած մթերքի և խոտաբույսերի արտադրողներ՝ 6 կոոպերատիվներ,
  • բարձրարժեք (գաուդա, ռոկֆոր) և ավանդական (լոռի, չանախ) պանիրների արտադրողներ՝ 6 կոոպերատիվներ,
  • հնդկաձավարի արտադրողներ՝ 2 կոոպերատիվներ,
  • բրոկոլիի արտադրող՝ 1 կոոպերատիվ։

Աշխատանքը բաղկացած է հետևյալ փուլերից.

  • 15 գյուղատնտեսական կոոպերատիվների համար ապրանքային նշանների տարբերակների մշակում,
  • 15 գյուղատնտեսական կոոպերատիվների ապրանքային նշանների ընտրություն և ազգային ընթացակարգով դրանց նկատմամբ իրավունքների գրանցում՝ ՀՀ Տնտեսական Զարգացման և Ներդրումների Նախարարության Մտավոր Սեփականության Գործակալությունում,
  • 15 գյուղատնտեսական կոոպերատիվների համար ապագա արտադրանքի փաթեթավորման տարբերակների մշակում,
  • 15 գյուղատնտեսական կոոպերատիվների ապագա արտադրանքի փաթեթավորման տարբերակների ընտրություն և դրանց տպագրության համար աշխատանքային ֆայլերի պատրաստում,
  • 4 տարբեր ապրանքային խմբերի արտադրությամբ զբաղվող կոոպերատիվների համար շուկայի մուտքի ռազմավարության մշակում՝ հստակ գործողությունների թվարկմամբ և դրանց ժամանակացույցի և բյուջեի գնահատմամբ։

Ճիշտ կազմակերպված մարքեթինգային քաղաքականության արդյունքում այսօր նշված 15 գյուղատնտեսական կոոպերատիվներն իրականացնում են հաջող գործունեություն՝ աշխատանքով ապահովելով ավելի քան 70 մարդու։