«Սերմերի և տնկանյութի շուկայի հզորացում» ենթաբաղադրիչի ազդեցության գնահատում

  • Ոլորտ:Գյուղատնտեսություն, գյուղատնտեսական ծառայություններ և ենթակառուցվածքներ
  • Ծառայություններ: Մոնիտորինգ և գնահատում
  • Ժամկետ: Սեպտեմբերի 25, 2009-Նոյեմբերի 25, 2009
  • Նկարագրություն:

«Գյուղատնտեսական Բարեփոխումների Աջակցության» ԾԻԳ-ի կողմից իրականացվող «Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսական զարգացման» Ծրագիրը մեկնարկել է 2006թ.-ին: Այն իրականացվում է Համաշխարհային Բանկի վարկային ռեսուրսների միջոցով: Ծրագրի ընդհանուր նպատակն է՝ ա) ապահովել շուկաների մատչելիությունը Հայաստանի ֆերմերների և գյուղական ձեռներեցների շրջանում, բ) ընդլայնել նրանց զբաղվածության հնարավորությունները՝ խթանելով գյուղական տարածքներում մասնավոր և հասարակական շուկայամետ ներդրումների ներգրավումը:

Ծրագիրն ունի 3 բաղադրիչներ, որոնք հանդիսանում են գյուղատնտեսական խթանման գործիքներ՝ հետևյալ ուղղություններով.

  1. Աջակցություն գյուղական ձեռնարկություններին և ագրովերամշակողներին՝ ֆինանսական ծառայությունների բարելավման և գյուղական գործարար կապերի խթանման միջոցով,
  2. Աջակցություն ուղղված ֆերմերային տնտեսությունների զարգացմանը՝ ապակենտրոնացված գյուղատնտեսական խորհրդատվական համակարգի հզորացման, կառավարման և բիզնես խորհրդատվության ապահովման, անասնապահական ծառայությունների բարելավման, սերմերի և տնկանյութերի արտադրության կարողությունների բարելավման միջոցով,
  3. Համայնքների տնտեսական զարգացում՝ գյուղական և համայնքային ենթակառուցվածքների բարելավման միջոցով:

Ֆերմերային տնտեսությունների զարգացման ծրագրային բաղադրիչի մի առանձին մասն է կազմում «Սերմերի և տնկանյութերի շուկայի հզորացում» ենթաբաղադրիչը: Այն նպատակ է ունեցել խթանել Հայաստանում սերմերի/տնկանյութի արտադրությամբ զբաղվող ֆերմերների գործունեությունը, նպաստել նրանց արտադրողականության բարձրացմանն ու արտադրանքի որակի բարելավմանը: Դա պետք է սերմարտադրողներին օգներ ամրապնդելու իրենց արտադրանքի նկատմամբ սերմօգտագործողների վստահությունը, իսկ սերմօգտագործողներին պետք է թույլ տար օգտվել հավաստագրված բարձրորակ սերմերի ձեռքբերման առավել մեծ հնարավորություններից:

«Սերմերի և տնկանյութերի շուկայի հզորացում» ենթաբաղադիչի շրջանակներում իրականացված գործողություններից են սերմերի ժամանակակից կանոնակարգի մշակման, սերմարտադրության գծով մասնագետների համար ուսուցանումների կազմակերպման և «Սերմերի գործակալության» լաբորատոր կարողությունների բարելավման միջոցառումները:

Սերմարտադրողների և սերմօգտագործողների գործունեության վրա Ծրագրի ազդեցության գնահատման համար Խորհրդատուի կողմից իրականացվել են մի շարք քայլեր.

  • Ինտերվենցիային վերաբերվող տեղեկատվության ուսումնասիրություն
  • Ազդեցության ինդիկատորների սահմանում
  • Ազդեցության ինդիկատորների չափանիշների սահմանում
  • Ազդեցության ինդիկատորների կշիռներ:

Ծրագրի շրջանակներում սերմերի/տնկանյութի հավաստագրումն իրականացվել է 6 խումբ տեսակի մշակաբույսերի համար, որոնց մեջ մտնում են՝ հացահատիկային, բանջարաբոստանային, հատիկաընդեղենային և կերային մշակաբույսերը, կարտոֆիլը, պտուղը/խաղողը:

Ինտերվենցիայի ազդեցության գնահատում իրականացնելու համար Խորհրդատուն տարբեր եղանակներով տեղեկություններ է ստացել մի քանի աղբյուրներից.

  • Ինտերվենցիայի նկարագրական փաստաթղթերի ուսումնասիրություն
  • Տեղեկություններ «Սերմերի գործակալությունից»
  • Հարցումներ շահառուների շրջանում:

Ծրագրի «Սերմերի և տնկանյութերի շուկայի հզորացում» ենթաբաղադրիչի ազդեցության գնահատման սույն հետազոտությունն ընդհանուր առմամբ պատկերացում է տվել, թե ինչ փոփոխություններ են արձանագրվել ենթաբաղադրիչի շահառուների գործունեության մեջ 2006-2008թթ.-ին: Այսպես՝

  • Սերմերի/տնկանյութի շուկայի հզորացման ինտերվենցիաները զգալի կազմակերպվածություն են առաջացրել այդ բնագավառում: Հետազոտության արդյունքները վկայում են, որ տասնյակ ֆերմերներ ներկայումս գտնվում են հավաստագրման գործընթացի մեջ:
  • Վերջին 3-4 տարիներին հավաստագրված սերմարտադրողները ընդլայնել են իրենց գնորդների շրջանակները: Դա նշանակում է, որ ավելի ու ավելի շատ թվով ֆերմերներ են կարողացել օգտվել որակյալ սերմերից, ինչն իր դրական ազդեցությունն է թողել նրանց գործունեության ցուցանիշների վրա:
  • Առավել որակյալ սերմերի օգտագործումը զգալի տարբերություններ է առաջ բերել հավաստագրված և չհավաստագրված սերմեր օգտագործող ֆերմերների գործունեության մեջ: Հավաստագրված սերմեր օգտագործողների մեծ մասի մոտ սերմերի օգտագործման քանակները և բերքատվության ցուցանիշները 2006-2008թթ.-ին աճել են: