«Առողջություն ընտանիքների համար» Ծրագրի վերջնական գնահատում

  • Ոլորտ:Առողջապահություն
  • Ծառայություններ: Մոնիտորինգ և գնահատում
  • Ժամկետ: Ապրիլի 25, 2012-Հունիսի 15, 2012
  • Նկարագրություն:

«Առողջություն ընտանիքների համար» երկամյա ծրագիրը մեկնարկել է 2010թ.-ին: Ծրագրի հիմնական նպատակը Սիսիանի, Գորիսի, Տավուշի, Ալավերդու, Մեղրիի 59 համայնքներում ընտանիքների առողջական վիճակի բարելավումն էր:

Ծրագիրը թիրախել է նպաստել առողջ ապրելակերպի, հիվանդությունների կանխարգելման, պարբերաբար բժշկական ստուգումներ անցնելու և ժամանակին բուժաշխատողին դիմելու անհրաժեշտության մասին տեղեկացվածության և գիտակցության մակարդակի բարձրացմանը: Ծրագրի արդյունքում համայնքներում ստեղծվել են առողջապահության ոլորտի կամավորների խմբեր, որոնք նպաստել են բժիշկներին դիմելու վարքագծի ձևավորմանը և տեղեկացվածության բարձրացմանը այն մասին, թե ինչպես է պետք վարվել հաճախ հանդիպող հիվանդությունների դեպքում և երբ է հարկավոր դիմել բուժհաստատություն` բուժօգնություն ստանալու համար:

«Առողջություն ընտանիքների համար» ծրագրի նպատակն է եղել՝ նպատակային 59 համայնքներում բարելավել ընտանիքների առողջական վիճակը՝ կենտրոնանալով հետևյալ արդյունքների վրա.

  • բարելավել երեխաների առողջության, աճի և զարգացման ցուցանիշները
  • խթանել համայնքահեն վերարտադրողական առողջության, տարածված հիվանդությունների կանխարգելման և ընտանիքների համալիր խնամքի ծառայությունները
  • զարգացնել բարելավված որակով առաջնային բուժծառայությունների մատուցման համայնքային կարողությունները:

Ծրագրի գնահատման մեթոդոլոգիան բաղկացած է եղել 2 տեսակի հետազոտություններից.

Քանակական հետազոտություն, որը ներառել է.

  • ստանդարտացված հարցաշարերի կիրառմամբ 570 հարցազրույցների իրականացում մինչև 9 ամսական երեխա ունեցող մայրերի շրջանում
  • 14-23 ամսական 675 երեխաների բժշկական քարտերի ուսումնասիրություն:

Որակական հետազոտություն, որը ներառել է.

  • նպատակային համայնքներում 3 ֆոկուս խմբային քննարկումների անցկացում
  • 12 հարցազրույցների իրականացում Ծրագրի համար հիմնական տեղեկատու հանդիսացող համայնքային բուժաշխատողների հետ:

Ծրագրի գնահատումն իրականացվել է երկու եղանակով.

  1. 2012թ.-ի վերջնական գնահատման հետազոտության արդյունքները համեմատվել են 2010թ.-ի Ելակետային հետազոտության արդյունքների հետ, որի արդյունքում Ծրագրին տրվել են ընդհանուր բնույթի գնահատականներ, ինչպես օրինակ՝ դրական փոփոխություններ՝ իրավիճակի բարելավում կամ բացասական փոփոխություններ՝ իրավիճակի վատթարացում:
  2. 2012թ.-ի վերջնական գնահատման հետազոտության արդյունքները համեմատվել են Ծրագրի գնահատման 4 գլխավոր ինդիկատորների թիրախային ցուցանիշների հետ, որի արդյունքում արձանագրվել է, թե ինչ չափով է Ծրագիրն ապահովել իր հիմնական նպատակների կատարումը:

Ամփոփելով հիմնական տեղեկատուների շրջանում իրականացված որակական հետազոտության արդյունքները՝ կարելի է եզրակացնել, որ Ծրագիրը բավականին օգտակար է եղել թիրախային համայնքների համար: Ծրագրի գնահատման տեսանկյունից դա նշանակում է, որ Ծրագիրը և նրա հետապնդած նպատակները ռելևանտ են եղել համայնքների կարիքներին:

Ծրագիրն անդրադարձել է այնպիսի խնդիրների, որոնք համայնքներում հրատապ լուծման կարիք են ունեցել: Ծրագրի հիմնական նպատակները հանդիսացող՝ տարածված հիվանդությունների կանխման, առողջապահական ծառայություններից օգտվելու մշակույթի ձևավորման, ընտանիքի պլանավորման, երեխաների խնամքի գիտելիքների բարելավման առումներով, արձանագրվել են նկատելի առաջընթաց: Բոլոր բուժաշխատողները համակարծիք են նրանում, որ Ծրագրի իրականացման արդյունքում ակտիվացել և առավել հաճախակի են դարձել համայնքի բնակիչների այցելությունները բուժկետեր:

Ծրագրի արդյունքում նպատակային համայնքների բուժկետերը վերանորոգվել և/կամ կահավորվել են, զինվել են բժշկական գործիքներով և սարքավորումներով: Արդյունքում բարելավվել է համայնքների բուժկետերի կողմից մատուցվող առողջապահական ծառայությունների որակը:

Բուժաշխատողները միակարծիք են այն հարցում, որ Ծրագրի շրջանակներում իրենց համար իրականացված սեմինարներն ու դասընթացներն օգնել են իրենց գիտելիքների թարմացմանը և ավելացմանը: Դա էապես ազդել է իրենց աշխատանքի արդյունավետության վրա: Որպես հետևանք, Ծրագրի նպատակային համայնքներում բարձրացել է բուժաշխատողների նկատմամբ վստահության մակարդակը: