«Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման Ծրագրի» գործողությունների առաջընթացի գնահատման համար մոնիտորինգի եւ գնահատման ցուցիչների մշակման ելակետային հետազոտություն

  • Ոլորտ:Կենսաթոշակային համակարգ
  • Ծառայություններ: Մոնիտորինգ և գնահատում,Հանրային հարցումներ
  • Ժամկետ: Դեկտեմբերի 09, 2013-Փետրվարի 28, 2014
  • Նկարագրություն:

Կենսաթոշակային Բարեփոխումների Իրականացման Ծրագրի գործողությունների առաջընթացի գնահատման համար մոնիտորինգի և գնահատման ցուցիչների մշակման ելակետային հետազոտությունն իրականացվել է Քեմոնիքս Ինթերնեյշնըլի պատվերով: Վերջինս իրականացնում է ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության կողմից ֆինանսավորվող Կենսաթոշակային Բարեփոխումների Իրականացման Ծրագիրը (ԿԲԻԾ):

Հետազոտության նպատակն է եղել արձանագրել ԿԲԻԾ-ի մեկնարկային փուլում կենսաթոշակային բարեփոխումների, մասնավորապես՝ կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հանրային տեղեկացվածության և վերաբերմունքի մակարդակը, ինչպես նաև սոցիալական ծառայությունների համակարգի բարեփոխումներից տեղեկացվածության և սպասումների հարցերը:

Հետազությունն ունեցել է նաև գենդերային դիտարկում. թիրախներից մեկն է եղել պարզել կանանց շրջանում կենսաթոշակային բարեփոխումների մասին տեղեկացվածության և ընկալման հարցերը: Թվարկված հարցերի վերաբերյալ ստացված սոցիոլոգիական-վճակագրական ելակետային տվյալները ԿԲԻԾ-ին թույլ են տվել իրականացնել կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ ավելի նպատակային իրազեկում՝ թիրախում ունենալով կանանց շրջանում տեղեկացվածության բարձրացման նպատակը:

Սույն հետազոտությունը ելակետային սոցիոլոգիական-վիճակագրական տվյալներ է ներկայացնում հետևյալ կոնկրետ հարցերի վերաբերյալ.

  1. Հանրության տեղեկացվածությունը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ
  2. Հանրության տեղեկացվածությունը կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ
  3. Հանրության վերաբերմունքը կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ
  4. Հանրության տեղեկացվածությունը սոցիալական ծառայությունների համակարգի բարեփոխումների վերաբերյալ

Ելակետային հետազոտությունն իրականացվել է տնային տնտեսությունների շրջանում դեմ առ դեմ հարցազրույցներ անցկացնելու միջոցով: Հարցումներն անցկացվել են Երևան քաղաքում, Արարատի և Կոտայքի մարզերում: Ընդհանուր առմամբ իրականացվել է 1,200 հարցում: Հարցազրույցներն անցկացվել  են հետազոտության պահին 18-62 տարեկան անձանց շրջանում:

Հետազոտության արդյունքները վկայում են այն մասին, որ շատ քիչ կարելի է հանդիպել մարդկանց, ովքեր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին ունեն համապարփակ տեղեկացվածություն: Կուտակային կենսաթոշակային համակարգի որոշ պայմանների մասին, ինչպես օրինակ՝ համակարգի ներդրման ժամկետներ, մասնակիցներ, կուտակային վճարների չափեր, տեղեկացվածությունը համեմատաբար ավելի բարձր է, քան օրինակ՝ անհատական կենսաթոշակային հաշիվների, կենսաթոշակային ֆոնդերի և ֆոնդերի կառավարիչների մասին տեղեկացվածությունը: Արձանագրում ենք, որ կենսաթոշակային բարեփոխումների մասին ռեսպոնդենտների տեղեկացվածությունը ֆրագմենտավորված է:


«Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման Ծրագրի» գործողությունների առաջընթացի գնահատման համար մոնիտորինգի եւ գնահատման ցուցիչների մշակման ելակետային հետազոտություն