Հայաստանի Սոցիալական Ներդրումների Հիմնադրամ-3 Ծրագրի շահառուների գնահատում

  • Ոլորտ:Հանրային ենթակառուցվածքներ
  • Ծառայություններ: Մոնիտորինգ և գնահատում
  • Ժամկետ: Հոկտեմբերի 17, 2014-Հունվարի 20, 2015
  • Նկարագրություն:

Սկսած 1996թ.-ից Հայաստանի Սոցիալական Ներդրումների Հիմնադրամը (ՀՍՆՀ) Հայաստանում իրականացնում է փոքրամասշտաբ հանրային ենթակառուցվածքների (դպրոցներ, մանկապարտեզներ, համայնքային կենտրոններ, և այլն) շինարարություն և վերականգնում: ՀՍՆՀ-ի ծրագրերը ֆինանսավորվում են միջազգային դոնոր և բարեգործական կազմակերպությունների միջոցներից, ինչպես նաև պետական և համայնքային բյուջեներից: 2014թ.-ին ավարտվեց նրա ծրագրերի 3-րդ փուլը (ՀՍՆՀ-3 Ծրագիր): ՀՍՆՀ-3 Ծրագրի շահառուների գնահատման նպատակն էր գնահատել Ծրագրի ազդեցությունը շահառուների վրա, ինչպես նաև թույլ տալ մարդկանց արտահայտել իրենց կարծիքները և գնահատականները ՀՍՆՀ ծրագրերի արդյունքների վերաբերյալ:

ՀՍՆՀ-3 Ծրագրի շահառուների գնահատման թիրախում եղել են ՀՍՆՀ-ի ծրագրերի մեջ իրենց ծավալով առավել մեծ կշիռ ունեցող երկու բաղադրիչներ՝ ենթակառուցվածքների վերականգնման և ուսուցման բաղադրիչները: Ծրագրի գնահատման համար 30.06.2014թ.-ի դրությամբ ավարտված 289 ծրագրերից ձևավորվել է ընտրանք՝ 31 ծրագրերի շահառուների ներգրավմամբ: Ընտրված ծրագրերը ներկայացնում են ՀՍՆՀ-ի կողմից իրականացված առավել շատ հանդիպող 8 տիպերը, որոնք իրականացվել են 9 մարզերի 28 համայնքներում:

ՀՍՆՀ-3 Ծրագրի շահառուների գնահատման հետազոտությունն անցկացվել է այն անձանց և կազմակերպությունների շրջանում, որոնք հանդիսանում են ՀՍՆՀ-ի ծրագրերի ազդեցության կրողներ: Որպես այդպիսին՝ առանձնացվել են 3 խմբեր. ա) ուղղակի շահառուներ (համայնքների բնակիչներ), որոնք այն համայնքների բնակչությունն են, որտեղ ՀՍՆՀ-ի կողմից իրականացվել են սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների վերականգնման ծրագրեր; բ) hամայնքային պաշտոնյաներ, այդ թվում ՀՍՆՀ-ի շահառու համայնքների իշխանությունների, վերականգնված ենթակառուցվածքների տնօրինության, ՀՍՆՀ-ի ծրագրեր իրականացման կոմիտեների, կապալառուների ներկայացուցիչներ; գ) ՀՍՆՀ-3 Ծրագրի Ուսուցման բաղադրիչի մասնակիցներ, այդ թվում՝ համայնքապետեր, համայնքների և ենթակառուցվածքների ֆինանսական պատասխանատուներ, հաշվապահներ և գյուղական ավագանու անդամներ, որոնք մասնակցել են մունիցիպալ ֆինանսական կառավարման թեմայով դասընթացներին:

Գնահատման հետազոտության ընտրանքը բաղկացած է ուղղակի շահառուների (համայնքների բնակիչների) 600 ներկայացուցիչներից, ինչպես նաև համայնքային իշխանությունների 29, ԾԻԿ-երի 57, կապալառուների 20 և ենթակառուցվածքների ղեկավարության 27 ներկայացուցիչներից: Նշված անձանց շրջանում հետազոտությունն անցկացվել է հարցաշարի կիրառմամբ՝ դեմ-առ-դեմ հարցազրույցների միջոցով: Ուսուցման բաղադրիչի գնահատման համար հարցումներ են արվել դասընթացների 42 մասնակիցների, որոնք ինքնալրացվող անկետաների միջոցով հայտնել են իրենց կարծիքները:

Շահառուների գնահատման համար մշակվել է հարցաշար, որի հարցերը վերաբերվում են գնահատման թեմատիկ ոլորտներին, որոնք են. 1) իրազեկություն, 2) մասնակցություն, 3) համագործակցություն, 4) սոցիալական կապիտալի ստեղծում, 5) բավարարվածություն, 6) օգուտներ, 7) անուղղակի ազդեցություն:

Հետազոտության արդյունքներն ամփոփվել են գնահատման հաշվետվության մեջ, որը շահառուների գնահատման տվյալներից բացի ուղերձներ և առաջարկություններ է պարունակում ՀՍՆՀ-ի հետագա ծրագրերի վերաբերյալ: