Ապրիլի 22, 2019 Տրվեց ԱՄՆ ՄԶԳ «Գյուղական տնտեսական զարգացում - նոր տնտեսական հնարավորություններ» ծրագրի պաշտոնական մեկնարկը

Տրվեց ԱՄՆ ՄԶԳ «Գյուղական տնտեսական զարգացում - նոր տնտեսական հնարավորություններ» ծրագրի պաշտոնական մեկնարկը

Այսօր նշանավորվեց ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Գյուղական տնտեսական զարգացում - նոր տնտեսական հնարավորություններ» (ԳՏԶ-ՆՏՀ) ծրագրի պաշտոնական մեկնարկը: ԳՏԶ-ՆՏՀ ծրագիրն իրականացվում է «Ագրոբիզնեսի և Գյուղի Զարգացման Կենտրոն» հիմնադրամի, «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» ընկերության, «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի և «Հիքս, Բրնհեմ էնդ Ուիլիամս» ընկերության համատեղ ջանքերով:

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին, ՀՀ Կառավարության ներկայացուցիչներ հանդես եկան բացման խոսքով: Դեսպան Թրեյսին շեշտեց գյուղական տնտեսական և գյուղատնտեսական ոլորտի զարգացման կարևորությունը՝ Հայաստանում լայնածավալ տնտեսական աճ և ռեգիոնալ զարգացում երաշխավորելու հարցում: Ծրագրի ղեկավար Սուսաննա Խաչատրյանը ներկայացրեց ծրագրի նպատակներն ու խնդիրները, որոնք ուղղված են Հայաստանում գյուղական տնտեսական զարգացման խթանմանը:

ԳՏԶ-ՆՏՀ ծրագիրը հիմնվելու է Հայաստանի կառավարության, ԱՄՆ կառավարության և ԱՄՆ ՄԶԳ-ի, ինչպես նաև այլ դոնոր և հասարակական կազմակերպությունների կողմից իրականացված և իրականացվող ծրագրերի, նախաձեռնությունների և գործողությունների վրա, որոնք միտված են Հայաստանի գյուղական տարածքներում առկա տնտեսական մարտահրավերների հաղթահարմանը: ԳՏԶ-ՆՏՀ ծրագրի գործողություններն ուղղված են խթանելու կայուն տնտեսական ապահովությունն ու տնտեսական աճը՝ աջակցելով առնվազն 100 բիզնեսների՝ առնվազն 60 համայնքներում: Ծրագիրը նպաստելու է մարզերում գործող փոքր և միջին ձեռնարկությունների աճին, շուկայական կապերի ստեղծմանը արտադրողների և գնորդների միջև, ինչպես նաև հիմնադրելու է տեղական տնտեսական զարգացումը խթանող ցանցեր: Այն ուղղված է զարգացնելու մրցակցային գյուղատնտեսական ոլորտը՝ բարելավելով գյուղական բիզնեսների և կոոպերատիվների գործունեությունն ու երաշխավորելով վերջիններիս համապատասխանությունը որակի ստանդարտներին: